կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-16 19:54
Քաղաքական

Տեղական ինքնակառավարման մարմինն անկախ է. Տարոն Մարգարյանը մտադիր չէ հրաժարական տալ

Տեղական ինքնակառավարման մարմինն անկախ է. Տարոն Մարգարյանը մտադիր չէ հրաժարական տալ

 Քիչ առաջ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող, մասնավորապես` քաղաքապետի հրաժարականը պահանջող  քաղաքացիների մոտ իջավ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց էին հավաքվել քաղաքապետին սատարող մի խումբ քաղաքացիներ, որոնց էլ իր խոսքը ուղղեց Տարոն Մարգարյանը` նրանց շնորհակալություն հայտնելով:

«Շնորհակալ եմ, որ միշտ եղել եք մեր կողքին, որ միշտ հավատացե եք մեզ:  Շնորհակալ եմ, պաշտպանում եք ձեր քաղաքապետին, մենք միասին կառուցելու ենք մեր Երևան քաղաքը»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Ինչ վերաբերում է իր դեմ բողոքող քաղաքացիներին, Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ մինչև հիմա չէր իջել բողոքողների մոտ, որովհետև աշխատանքային այցով այլ վարչական շրջանում էր գտնվում, և լսելով բողոքի ակցիայի մասին, շտապել է քաղաքապետարան:

« Հարգում եմ մեր երևանցիների խոսքը, մենք միշտ լսել ենք երևանցիներին և անպայման հաշվի ենք առնելու բոլոր խնդիրները: Մեր ծրագրերը, որոնք առաջիկա 5 տարվա համար նախատեսել ենք, իրականացնում ենք»,- ասաց նա:

Անդրադառնալով  իր  հրաժարականի պահանջին, քաղաքապետը նշեց, թե տեղական ինքնակառավարման մարմինն անկախ են:

«Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության եւ փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին»,- նշեց Տարոն Մարգարյանը: