կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 15:07
Քաղաքական

Եթե իրենք չմիանան ԲՀԿ-ին, կվերածվեն հոկտեմբերիկների և պիոներների. Շարմազանով

Եթե իրենք չմիանան ԲՀԿ-ին, կվերածվեն հոկտեմբերիկների և պիոներների. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ եթե ոչ իշխանական չորս ուժերի միջեւ կոնսուլտացիաները շարունակվեն, «չի բացառվում, որ առաջին քայլերը կատարեն դեպի ամերիկյան մոդելը, որտեղ կա երկու ազդեցիկ կուսակցություն՝ ամերիկյան դեմոկրատներ ու հանրապետականներ»: «Դե, մեզ մոտ արդեն Հանրապետականը մի բևեռ է»,- ասել էր Շարմազանովը` չբացառելով, որ երկրորդ բևեռը կկազմեն մյուս կուսակցությունները` «օրինակ՝ եթե ՀԱԿ-ը, գուցե «Ժառանգություն»-ը կամ ՀՅԴ-ն միանան ԲՀԿ-ի հետ»: Շարմազանովի այս հայտարարությունը Yerkir.am-ի խնդրանքով մեկնաբանել էր ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Մեկնաբանությունն` այստեղ:

 

Շարմազանովն այսօր ԱԺ-ում լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձել է Վարդանյանի արձագանքին եւ նշել, որ ինքը խոսում է ապագայի մասին, իսկ ապագայում Հայաստանը, այնուամենայնիվ, կարող է ունենալ երկբևեռ քաղաքական դաշտ: «Ամբողջ աշխարհում կուսակցությունների խոշորացման գործընթաց է ընթանում, և մենք էլ ենք մի ժամանակ գնալու այդ ճանապարհով: Այս տարիների ընթացքում մեզ շատ բաների մեջ կարող են մեղադրել, սակայն որ այս տարիների ընթացքում Հայաստանում խոսքի ազատությունը, քաղաքական բազմակարծությունը զարգացում է ապրել, մեր ամենախիստ քննադատողները պետք է օբյեկտիվ գնահատական տան, որ այսօրվա Հայաստանը, ժողովրդավարության զարգացման առումով, ընդդիմության խոսքը հանրությանը հասցնելու առումով, որևէ խնդիր չունի և անհամեմատելի է 10 տարի առաջվա, էլ չեմ ասում` 90-ականների Հայաստանի հետ»,- ասել է նա:

 

Դիտարկմանը, թե հանրապետականները պնդում են, որ երկրում սոցիալական խնդիրներ չկան, Է.Շարմազանովը հակադարձել է. «Որևէ հանրապետական չի ասել, որ չկա սոցիալական խնդիր: Եթե, պաշտոնական տվյալներով,  բնակչության 35 տոկոսն աղքատության մեջ է, մենք առնվազն պետք է հոգեկան հիվանդ լինենք, որպեսզի նման բան ասենք»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանության գործիքը բարեփոխումների միջոցով ժողովրդի վիճակը բարելավելն է, ընդդիմության գործիքն էլ խոսքն է և հանրահավաքների միջոցով իշխանություններին քննադատելը:

 

«Ես լուրջ առաջարկ եմ անում, ասում եմ, որ հնարավոր է լինի միավորում` ԲՀԿ-ի գլխավորությամբ, իրենք ասում են` Հանրապետականը նման է КПСС-ի: Ես ինչ եմ ասում, իրենք ինչ են ասում: Իսկ իրենց մի բարի խորհուրդ կտամ` եթե իրենք ԲՀԿ-ին չմիանան, կվերածվեն հոկտեմբերիկների և պիոներների»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ բացատրելով, թե ինչու  քաղաքական ուժերը պետք է միավորվեն հենց ԲՀԿ-ի հետ` որովհետև ԲՀԿ-ն ամենամեծն է, ուստի բոլորը գնում են ԲՀԿ-ի մոտ: