կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-06 18:26
Մշակույթ

Բառը բառի կողքին դնելու՝ Վարդան Ֆերեշեթյանի արվեստը

Բառը բառի կողքին դնելու՝ Վարդան Ֆերեշեթյանի արվեստը

Այսօր տեղի ունեցավ Վարդան Ֆերեշեթյանի` Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի հրատարակությամբ լույս տեսած «Գրահավաք» ժողովածուի շնորհանդեսը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Ֆերեշեթյանը նշեց՝ քանի որ առաջին գիրքը շատ սահմանափակ տպաքանակով էր հրատարակվել` ընդամենը 220 օրինակ, այս գրքում ամբողջությամբ կա առաջին գիրքը եւ բոլոր նոր գործերը, որ մինչ այսօր գրել է:

 

«Գրողներ կան, որ արհեստականորեն փողոցային լեզուն են կիրառում իրենց ստեղծագործություններում, բայց լեզուն այնքան հարուստ օրգանիզմ է, որ ներառում է ե՛ւ խոսակցականը, ե՛ւ գրականը, պարզապես դրանք ճիշտ համադրելու խնդիր կա, բառը բառի կողքին դնելու արվեստին տիրապետելու հարց»,- ասաց Ֆերեշեթյանը:

 

Բանաստեղծ Հակոբ Մովսեսն էլ նշեց, որ Ֆերեշեթյանին համարում է մեր իրականության ամենանուրբ աչքն ունեցող գեղագետը:

 

«Վարդանը ամենաճենապակու, ես կասեի, ճապապակու /նկատի ունենալով ճապոնացիների հանդեպ իր սերն ու իմացությունը/, նրբությամբ, տուշով գրելու ու գրաֆիկա անելու ասպարեզում իրեն հավասարը չունի: Ինչ վերաբերում է Վարդանի մունջությանը, Վարդանի մունջությունը ես կհամարեի նվազագույնով արտահայտվելու, երեւալու, փողոցում, մայթին հայտնվելու մի ցանկություն»,-ասաց բանաստեղծը:

 

Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանն էլ նշեց, որ մեր ժամանակակից գրականության զարկերակը շատ բեղուն է, եւ Ֆերեշեթյանը ժամանակակիցների մեջ այն գրողներից է, ով իր ուրույն գույնն ունի. «Վարդանն այն հեղինակներից է, ով վաղուց է հայտնի ընթերցողներին: Նա բացառիկ խիստ գրող է եւ բացառիկ աշխարհատեսություն ունի, որը մեզ` ընթերցողներիս, թույլ է տալիս բոլոր ժամանակների արձագանքը լսել»: