Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից` փետրվարի 15-ին գրած` սեփական դիմումի համաձայն` լրացել էր Հովհաննիսյանի` թոշակի անցնելու տարիքը: Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արտակ Գեւորգյանը տեղեկացրեց, որ շուտով տնօրենի թափուր պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ:
«Մեկ ամիս ժամանակ ենք տալիս մրցույթի անցկացման համար, իսկ փաստաթղթերի ընդունումը տեղի է ունենում 15-օրյա ժամկետում: Մրցույթի անցկացման կարգը սահմանված է ՀՀ մշակույթի նախարարի հրամանով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության` 2005թ. որոշմամբ: Մրցույթը հայտարարելուց հետո ձեւավորվում է հանձնաժողով, փաստաթղթերն ընդունում է մշակույթի նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը եւ մրցույթի օրը, համապատասխան եզրակացություններով, դրանք փոխանցում հանձնաժողովին»,- ասաց Գեւորգյանը:
Ըստ նրա` մրցույթն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում քննվում են մասնակիցների ներկայացրած փաստաթղթերը, իսկ երկրորդ փուլում թեկնածուները նախ թեստ են հանձնում /հարցերը ՀՀ օրենսդրությունից են լինում` 3-4 ենթադրյալ պատասխաններով, թեկնածուն պարտավոր է հարցերի 90 տոկոսին ճիշտ պատասխանել` հաջորդ փուլ անցնելու համար/, որից հետոթեկնածուն պարտավոր է ներկայացնել նաեւ իր ծրագիրը, թե ինչ բարեփոխումներ է պատրաստվում իրականացնել:
«Այնուհետեւ թեստավորման փուլը հաղթահարողների հետ հանձնաժողովի անդամները բանավոր հարցազրույց են ունենում: Վերջում այս բոլոր փուլերը հաղթահարած թեկնածուների համար տեղի է ունենում փակ քվեարկություն: Հանձնաժողովի անդամները քվեարկում են, եւ եթե ընտրվում է մեկ թեկնածու, նախարարը հաստատում է հանձնաժողովի ընտրությունը, իսկ եթե ձայները հավասար են բաշխված լինում, ասենք, երկուսի միջեւ, նախարարն իրավունք ունի ընտրություն կատարելու»,- տեղեկացրեց Գեւորգյանը:
Ի դեպ, թեկնածուն պարտավոր է համապատասխան ոլորտում կառավարման փորձ ունենալ: