կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-13 15:22
Քաղաքական

ՀՀԿ-ական պատգամավորը հուշեց` քաղաքացին կհասնի արդյունքի, եթե դուրս գա պայքարի

ՀՀԿ-ական պատգամավորը հուշեց` քաղաքացին կհասնի արդյունքի, եթե դուրս գա պայքարի

Այսօրվա երիտասարդությունն իր անապահովության հաշվին ապագայում կվայելի ապահով ծերություն: Այսպես ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե` կարո՞ղ ենք ասել, որ պարտադիր կուտակային ռեֆորմի արդյունքում ունենալու ենք ապահով ծերություն` անապահով երիտասարդության հաշվին: Իսկ թե ինչո՞ւ է ավելի կարևորում թոշակառուներին, քան երիտասարդներին, պատգամավորը բացատրում է այսպես, որ երիտասարդ տարիքում մարդը կարող է շատ ստեղծել, շատ աշխատել, իսկ թոշակառուները թույլ են ու ոչ աշխատունակ, ահա` ինչու ապահով ծերության մասին մտածելն ավելի կարևոր է:

 

Հարցին` կարո՞ղ է արդյոք մարդը մինչ իր թոշակի տարիքին հասնելը կուտակված գումարը վերցնել ու ծախսել, Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ դա անհնար է: «Միայն կյանքին սպառնացող վտանգի դեպքում է դա հնարավոր»,- ասաց նա: «Օրինակ` սրտի վիրահատության դեպքում հնարավո՞ր է վերցնել կուտակված թոշակը» հարցին, պատգամավորը պատասխանեց. «Եթե կյանքին վտանգ է սպառնում: Համ էլ ինչի՞ է պետք դրան դիմել, չէ՞ որ այսօր գործում է բժշկական ապահովագրություն` 52 հազար դրամով»:

 

Ինչ վերաբերում է այն հարցին, որ պարտադիր կուտակային ռեֆորմը մղում է դեպի ստվերի ուժեղացում, պատգամավորը կոչ է անում բոլոր աշխատողներին, որ պայքարեն ու պահանջեն գործատուներից, որ վերջիններս աշխատողի հետ կնքեն օրինական աշխատանքային պայմանագրեր:

 

Խոսելով այս օրերին սկիզբ առած` աշխատավորների բողոքի ակցիաների և հնարավոր գործադուլների մասին` ՀՀԿ-ական պատգամավորը հետևյալ կարծիքը հայտնեց. «Եթե մարդիկ չեն ցանկանում պայքարել իրենց իրավունքների համար, ե՞ս պետք է գնամ` իրենց տեղ պայքարեմ: Ես` որպես քաղաքական գործիչ, կանեմ այն, ինչ անհրաժեշտ եմ գտնում, բայց երբ քաղաքացին պայքարում է, նա կստիպի իշխանություններին զիջումների գնալ, ու կգա մի պահ, որ քաղաքացին իր պայքարի արդյունքում կլինի հաղթող»: Պատգամավորը բերեց Ֆրանսիայի օրինակը, որտեղ մարդիկ 150 տարի պայքարել են իրենց իրավունքների համար ու վերջապես հասել արդյունքի:

 

Պատգամավորի խոսքով` պայքարի արդյունքը  կախված է ժողովրդից ու գործադուլներից: «Ճնշումը երբեք չեմ ընդունել որպես քաղաքական ճանապարհ, որովհետև այն ունի հակազդեցություն և ժամանակ անց ճնշելու է հենց ճնշողին, դրա համար էլ ամեն ինչ պետք է լինի փոխհասկացվածության պայմաններում»,- ասաց պատգամավորը: