Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Լեւոն Դոխոլյանի եւ նրա կնոջ մորաքույր Հեղինե Բիշարյանի մասին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից գրված ցանկացած հրապարակում արժանանում է բուռն արձագանքի: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Նախ՝ ՕԵԿ-ականները երկու տարբեր հայցերով դատարան են դիմել՝ օրաթերթից 7 մլն դրամ գանձելու պահանջով որը Հեղինեի կողմից որակվեց որպես «ցիվիլ պատասխան», այնուամենայնիվ, զարմանալի օրինաչափությամբ իրենց մասին գրված յուրաքանչյուր նախադասության հետեւում են անհայտ սեռի եւ ծագման օգտատերերի կողմից համացանցում տարածվող փողոցային հայհոյանքններ: Երբ այս մասին օրաթերթի խմբագիրը բարձրաձայնեց՝ համացանցում գրառում անելով, շատ չանցած՝ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, թե իրենք կդիմեն իրավապահներին՝ պարզելու, թե ով է եղել լկտի հայհոյանքներ տարածողը:
Իհարկե, սա այն դեպքն է, երբ անկեղծորեն պետք է շնորհակալություն հայտնել այս տիկնոջը: Բայց հետաքրքիր զուգադիպությամբ, նրա այդ հայտարարությունից րոպեներ անց համացանցից անհետացան հայհոյանքներ տարածողների պրոֆայլերը (ամեն բան նկատելի է): Թե ինչու, թող ընթերցողները դատեն: Չցանկանալով երկխոսության մեջ մտնել Հեղինեի հետ՝ հակիրճ անդրադառնանք շանտաժային ոճով գրված նրա տեքստին. «Իմ տեղեկություններով, մեր որոշ այլ կուսակցականներ անընդունելի համարելով «Ժողովրդի» գործելաոճը, անձնական բնույթի վիրավորանքներն ու անվանարկումները, նախապատրաստել են նոր հայցեր նախ թերթի` զրպարտության, վիրավորանքի տիրույթից դուրս չգալու համար, եւ հետո՝ վերջնականապես պարզելու ենք ու հրապարակենք, թե որտեղից է ֆինանսավորվում այդ թերթը, որը նույնիսկ ՀՀ մարզերից մեկում մի քանի օրինակ է վաճառվում, ո՞ւմ պատվերով է տեւական ժամանակ խաչակրաց արշավանք սկսել ՕԵԿ-ի ու նրա նախագահի դեմ»:
Իհարկե, պետք չէ զարմանալ, որ Հեղինե Բիշարյանի պատկերացումներում առանցքային նշանակություն ունի «պատվեր» հասկացությունը: Դա, ցավոք, այլեւս որեւէ մեկի համար նորություն չէ: Զավեշտալին, սակայն, այն է, որ նա ձգտում է, «Ժողովուրդ»-ի անվան կողքին իր անունը դնելով, սողոսկել մեդիադաշտ եւ դեռ մի բան էլ խոսում է «մարզերից մեկում» «Ժողովուրդ»-ի ունեցած վարկանիշի մասին:
Փոքրիկ հիշեցում. վարկանիշից խոսող Հեղինե Բիշարյանը 2012-ին հայտարարում էր, թե իր կուսակցությունը 170 հազար անդամ ունի, սակայն 2012-ի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի օգնությամբ հազիվ ստացավ 83 հազար 123 ձայն (կուսակցականների կեսի չափով): Ինչ վերաբերում է «Ժողովուրդ»-ին, ապա այն տարբեր հարցումներով գտնվում է հայաստանյան ամենաընթերցվող թերթերի առաջին եռյակում եւ այս տարի էլ «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնության կողմից ճանաչվեց «2013-ի լավագույն թերթ»:
Սա հասկանալու համար ընդամենը անհրաժեշտ է մոտենալ մամուլի կրպակներից որեւէ մեկին: Անդրադառնալով մեր թերթի ֆինանսավորման հետ կապված Հեղինե Բիշարյանի հետաքրքրությանը` տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ֆինանսավորվում է ընթերցողի կողմից եւ իր անվանը հավատարիմ՝ կատարում է բացառապես ժողովրդի պատվերը, ինչը չես ասի ՕԵԿ-ի մասին:
Եվ վերջում. մենք աշխատել եւ աշխատում ենք բարեխղճության սահմաններում՝ չխախտելով էթիկայի նորմերն ու ԶԼՄ մասին օրենքը, կատարում ենք մեր մասնագիտական պարտականություններն առանց անձնավորելու եւ որեւէ մեկի կամ կառույցի նկատմամբ թշնամանքի զգացողությամբ: Եթե սա դուր չի գալիս ինչ-որ շրջանակների, ապա խնդիրը թող փնտրեն իրենց մեջ:
«Ժողովուրդ»-ը գրել, գրում է բոլորի եւ ամեն ինչի մասին՝ մեկիկ-մեկիկ հիշեցնելով, թե ով ինչ կապիտալով մտավ քաղաքական դաշտ ու ինչի տեր դարձավ: «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարում է, որ թշնամիներ չունի: Եվ եթե այսօրվանից սկսած` օրաթերթի գործունեությանը որեւէ վտանգ սպառնա, օրաթերթի խմբագրի, լրագրողների կամ նրանց մերձավոր անձանց հետ որեւէ բան պատահի (նույնիսկ վիրտուալ տիրույթում հայհոյանքների տեսքով), ապա մենք որպես դրա պատասխանատու դիտարկելու ենք ՕԵԿ-ին, որի փոխնախագահի` մեր հանդեպ ունեցած ատելությունն ու թշնամանքն անթաքույց է: Սա հայրենի իրավապահները կարող են ի գիտություն ընդունել:
Այսքանով մենք թերթում ենք այս էջը եւ այլեւս չենք անդրադառնա նրանց արձագանքներին: Մեր սկզբունքներին հավատարիմ մնալով, կշարունակենք զբաղվել պրոֆեսիոնալ լրագրությամբ»: