| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ այսօրվա նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանը խոստացավ առաջիկայում անդրադառնալ գազի հարցերով հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը: «Մենք անպայման կանդրադառնանք այդ հարցերին ու նախաձեռնությանը: Մենք քննարկումներ կկազմակերպենք ու ես կոչ եմ անում, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվորեն մասնակցեն այս քննարկումներին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ եթե ստեղծվի հանձնաժողով Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ և եթե այն պետք է քննարկի այդ բոլոր խնդիրները, ուրեմն ոչ իշխանական խմբակցությունները որևէ խնդիր չեն տեսնում, թող բերեն առաջարկությունը ԱԺ քննարկման:
Արամ Մանուկյանի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանը դեռ մի քանի օր առաջ ասաց, որ եթե չորս ոչ իշխանական քաղաքական ուժերը իր հետ խորհրդակցեին նախապես, գուցե Հանրապետական խմբակցությունը ևս միանար այդ նախաձեռնությանը: «Եթե քաղաքական մեծամասնությունը գնում է այդ համարձակությանը, շատ լավ»,- ասաց Արամ Մանուկյանը: Մեր այն հարցին՝ ինչ իմաստ ունի նոր հանձնաժողով ստեղծել, եթե քաղաքական մեծամասնությունը արդեն մերժեց այդ առաջարկությունը, պատգամավորը նշեց. «Գուցե ամբիցիայի հարց է, որ իրենք լինեն նախաձեռնողը, ոչ թե մենք»:
Արամ Մանուկյանը նաև նշեց, որ ինքը չի հավատում, թե քաղաքական մեծամասնությունը կարող է նախաձեռնել ցանկացած ֆորմատով մի երևույթ, որը պետք է ուսումնասիրի գազային գործարքը. «Չեմ հավատում, որ իշխանությունը բացի իր իսկ գաղտնիքները: Ամեն դեպքում ես անձամբ Հովիկ Աբրահամյանին ասել եմ, որ մենք ամբիցիայի խնդիր չունենք, ու կարևորը ոչ թե այն է, թե ով է նախաձեռնում ու ներկայացնում, այլ կարևորը հարցի բովանդակությունն է»,- ասաց Արամ Մանուկյանը: