կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 18:31
Հասարակություն

Փրկարարները ձյան հետքերով փորձել են պարզել Մաղրաձեի մահվան պատճառը. նոր մանրամասներ

Փրկարարները ձյան հետքերով փորձել են պարզել Մաղրաձեի մահվան պատճառը. նոր մանրամասներ

«ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն` 35-ամյա Արչիլ Մաղրաձեի մահվան հնարավոր վարկածը բազմաթիվ տարակարծությունների տեղիք տվեց համացանցում: Օգտատերերին զարմացրել է հատկապես այն հանգամանքը, թե ինչպես է Մաղրաձեն ճոպանուղու 3-րդ կայանից հասել Թթուջուր կոչվող տարածք, երբ այդ վայրերի միջև 2 սար է ընկած:

 

Yerkir.am-ի խնդրանքով` որոնողական աշխատանքներին մասնակցածները մանրամասներ ներկայացրեցին կատարվածի վերաբերյալ: Նշենք, որ նրանց ենթադրությունների համար հիմք են հանդիսացել Մաղրաձեի` ձյան վրա թողած հետքերը, որոնք մինչ այժմ պահպանվել են:

 

Նախնական վարկածով` տնօրենը սնոուբորդով 3-րդ կայանից սահել է դեպի ձորը (Աղվերանի ուղղությամբ), հետո, հավանաբար գիտակցելով, որ շատ է գնացել, իջել է սնոուբորդից և փորձել հետ գնալ, սակայն, որոշ տարածություն մի կերպ հաղթահարելով, թաղվել է ձյան մեջ և, տեսնելով, որ չի կարող առաջ գնալ (այդտեղ ձյունը նրա գոտկատեղից է եղել` հետքերը մնացել են), կրկինց հետ է շարժվել` անտառի ուղղությամբ: Նույն աղբյուրի վարկածի համաձայն` երիտասարդը, սնոուբորդը ձեռքին, շարժվել է «Մորի պլազա» հյուրանոցի ուղղությամբ (այդ վայրից  միայն երեկոյան հյուրանոցի լույսերը կարող էին տեսանելի լինել, և գուցե նա փորձել է հասնել այդտեղ): Հասնելով մարզաբազայից մոտ 2 կմ վերև գտնվող` Թթուջուր կոչվող տեղանքը` Մաղրաձեն  սառել է: Մեր զրուցակիցները հաստատեցին նաև yerkir.am-ի այն տեղեկությունը, որ տնօրենը միայնակ էր գնացել` սնոուբորդով սահելու:

 

Ի դեպ, այդ օրը  Ծաղկաձորում եղածները փաստում են բավականին ցուրտ եղանակային պայմանների մասին:

 

Հարկ ենք համարում շեշտել, որ վերոհիշյալն ընդամենը տնօրենի մահվան վերաբերյալ շրջանառվող հիմնական վարկածն է: Մահվան բուն պատճառը պարզ կդառնա համապատասխան փորձաքննություններից հետո: