կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-04 11:17
Իրավական

Արագածավանում խառնաշփոթ է` փորձում են պարզել սպանության պատճառը

Արագածավանում խառնաշփոթ է` փորձում են պարզել սպանության պատճառը

Արդեն հայտնել ենք, որ երեկ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում: Զոհվել են նույն գյուղի բնակիչներ` 39-ամյա Արտյոմ Խամոյանը և 48-ամյա Վարդգես Գալստյանը, իսկ 34-ամյա Արման Խամոյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ նույն օրը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրեն պատկանող որսորդական հրացանով հիշյալ անձանց վրա կրակել է նույն գյուղի բնակիչ` 31-ամյա Սեդրակ Ղազարյանը: Նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ 40-ամյա Աշոտ Խամոյանը մի խումբ անձանց հետ հրկիզել է Համլետ Դ.-ի հացի փռի դիմաց կայանված «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2102» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, Իշխան Ս.-ի տան բակում կայանված «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենաները և Հունան Ս.-ին պատկանող անասնագոմը:

Yerkir.am-ի հետ զրույցում Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը հայտնեց, որ անասնագոմի հրդեհը հիշյալ դեպքի հետ կապ չունի: Իսկ հացի փուռը և վնասված մեքենաները սպանվածներին և բերման ենթարկվածներին չեն պատկանում:

«Գյուղում խառնաշփոթ է, էս մարդիկ իրար հետ կապ չունեցող մարդիկ են, ոչ ոք չի հասկանում, թե ինչն է եղել վիճաբանության պատճառը»,- ասաց նա և հավելեց, որ իրենք կրակոցների ձայնը չեն լսել:

Գյուղապետի խոսքով՝ բերման ենթարկված երիտասարդը հողագործ-անասնապահ է, և չեն կարողանում հասկանալ, թե ի՞նչն է նրան այդ քայլին դրդել: