կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-29 13:54
Հասարակություն

Առաջին պարգեւատրումը` Տարոնի պաշտպանության պաշտպանողին

Առաջին պարգեւատրումը` Տարոնի պաշտպանության պաշտպանողին

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի /ԵԳԱԾ/ շրջանակներում հայտարարված` երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հունվար ամսվա արդյունքների համաձայն` 8 ուսանող ստացել են որոշակի գումարներ:

 

Ուշագրավ է, որ 8 ուսանողների թվում է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը, ով մեկն էր նրանցից, որոնք խոչընդոտում էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը լրագրողների մասնագիտական գործունեությանը:

 

Ի դեպ, Սեւակ Խաչատրյանին բաժին է հասել 400 000 դրամ: Սա զայրացրել է նաեւ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր» ֆեյսբուքյան էջի որոշ օգտատերի, որոնց հարցերին ի պատասխան, թե ինչո՞ւ է հատկապես Սեւակը նման պատվի արժանացել, ԵԳԱԾ ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է Սեւակ Խաչատրյանին, ապա որևէ հանգամանք չկա, որը կխոչընդոտեր, որպեսզի նա մասնակցեր մրցույթին: Նա գիտությունների թեկնածու է, դասախոս, զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, ուստի և կարող էր մասնակցել մրցույթին:

 

Մրցույթի արդյունքներով, ի թիվս այլ հայտերի, հաղթող է ճանաչվել նաև Սևակ Խաչատրյանի հայտը և դրանում որևէ կանոնակարգային խախտում չկա: Իրականում ԵԳԱԾ Ղեկավար մարմինը միշտ իր գործունեության ընթացքում զերծ է մնացել սուբյեկտիվ մոտեցումներից, մինչդեռ մեր գործընկերները մեզ փաստացի դրդում են դրան` նշելով որ պետք է հաշվի առնել չգիտեմ ինչ հանգամանքներ...:

 

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ինչպես նախկինում եղել է, հետայսու ևս մենք աշխատելու ենք բացարձակ թափանցիկ /չնայած որ հենց դա է իրականում դառնում նմանատիպ քննարկումների և շահարկումների պատճառ/ ու զերծ ենք մնալու սուբյեկտիվ մոտեցումներից: Իսկ բոլոր անձնաց, ովքեր տոգորված են մեր աշխատանքների արդյունավետությունը բարձրացնող առաջարկների ներկայացման ցանկությամբ, սիրով հրավիրում եմ մասնակցելու ԵԳԱԾ ՂՄ նիստին և ներկայացնելու առաջարկներ: Շահագրգիռ անձինք կարող են կապվել ինձ հետ:

 

ԵԳԱԾ-ը երբեք փակ կառույց չի եղել ու երբեք որևէ առաջարկ անարձագանք չի մնացել, այնպես որ եթե խնդիրը ընդհանուր գործին օգնելն է և ոչ անհիմն քննադատելը, ապա խնդրեմ, գործով ապացուցեք դա»: