կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-24 12:24
Հասարակություն

Այդ թվերը սուտ են, ամենախոշոր պարգևատրումը կազմել է 1.5 մլն դրամ. ՊԵԿ նախագահ

Այդ թվերը սուտ են, ամենախոշոր պարգևատրումը կազմել է 1.5 մլն դրամ. ՊԵԿ նախագահ

Կոնկրետ թվեր չեմ բերելու, որովհետև անձնական տեղեկատվության պահպանման իրավական պարտականություն ունենք.  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով ՊԵԿ աշխատողների պարգևավճարներին:

Հարցին` հրապարակված թվերը որքանո՞վ են համապատասխանում իրականությանը, նա պատասխանեց. «Ես ասում եմ, որ այդ թվերը սուտ են: Նման պարգևատրումներ հնարավոր չէ լինեն, չկան այդպիսի պարգևատրումներ»:

Լրագրողները պնդեցին, որ Անանյանը, առանց անուն նշելու, հայտնի ամենաբարձր պարգևավճարը, որ տրվել է ՊԵԿ-ում: «Առձեռն վճարված պարգրատրման չափը առավելագույնը կազմել է 1.5 մլն դրամ: Պարգևատրման չափի վերաբերյալ անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենք կա, ես անձնավորված տեղեկատվություն չեմ կարող հրապարակել, կարող եմ հրապարակել միայն ինձ վերաբերող տեղեկատվությունը, որը պատրաստվում եմ հրապարակել տարեկան իմ դեկլարացիան հրապարակելու միջոցով»,- ասաց նա և հավելեց, որ պարգևատրվել են բոլոր հարկային ծառայողները` իրենից սկսած մինչև վերջին տեսուչն ու հավաքարարը:

Անանյանը պնդեց, որ բոլոր պարգևատրումներն ու վճարները կատարվել են օրենքի շրջանակում: «ՊԵԿ-ը մյուս պետական մարմիններից տարբերվում է նրանով, որ իր պարգևատրումների ֆոնդը շատ ավելի մեծ է, որովհետև այստեղ ավելի մեծ է  կոռուպցիայի և կաշառակերության ռիսկը, իսկ ամբողջ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակներից մեկը համարժեք, արժանապատիվ և մոտիվացիոն համակարգեր ստեղծելն է»,- շեշտեց նա:

Հարցին` եթե մեծ պարգևավճարներ ինքը չստանա, կոռուպցիայի մա՞ս է դառնալու, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ես չասացի` դա միակ գործիքակազմն է: Ասացի` դա կարևորագույն գործիքակազմ է: Այստեղ նաև պետք է մարդկային անձնական արժեհամակարգերի հետ համադրվի այդ ամենը: Հայրենասիրությունը, արժեքային համակարգը և ադեկվատ վարձատրությունը կաշառակերության դեմ պայքարի անկյունաքարերն են»:

Նա նաև նշեց, որ մամուլը, որը հրապարակել է ՊԵԿ պարգևավճարների մասին տեղեկությունը, օրենքի խախտում է թույլ տվել: Իսկ հարցին` դատի կտա՞ն այդ ԶԼՄ-ներին, Անանյանը պատասխանեց. «Մամուլին դատի տալը լավ չէ: Անձնական տվյալների պաշտպանության իրավական պահանջը չպահպանելն ու մամուլի ազատությունը դնենք կշեռքի վրա և դրա համատեքստում որոշում կայացնենք` դատի տա՞նք մամուլին, թե՞ ոչ»:

Նշենք, որ ավելի վաղ Yerevan.Today կայքը հայտնել էր, որ Պետական եկամուտների կոմիտեում խոշոր պարգևատրումներ են իրականացվել։ Մասնավորապես` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ստացել է 8 մլն 55 000 դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 000 դրամ, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյանը՝ 6 մլն 456 000 դրամ, ՊԵԿ նախագահի օգնական Էլիզաբեթ Մամիկոնյանը՝ 2 մլն 120 000 դրամ, ՊԵԿ լրատվության պատասխանատու, խոսնակ Լուսինե Մկրտչյանը՝ 2 մլն 30 000 դրամ և այլն: