Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պահածոների արտադրությամբ զբաղվող «Ալիշան» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջև ծագած խնդիրը դեռևս չի լուծվել: Ավելին` «Ալիշան» ընկերությունը ներկայացնում է փաստեր ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի. այսօր լրագրողներին հայտնեցին «Ալիշան» ընկերության ներկայացուցիչները:
Ի դեպ, ասուլիսին հրավիրված էր նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, սակայն նրանք չէին ներկայացել՝ ուղարկելով մի հայտարարություն. «Մենք ծանոթ ենք խնդրին, մանրամասն ուսումնասիրել ենք այն, հրավիրել ենք «Ալիշան» ընկերության ներկայացուցիչներին՝ միասին քննարկելու խնդիրը, բայց կարծես թե «Ալիշան» ընկերությունը հակված է ավելի շատ հրապարակային հանդիպումների, քան մասնագիտական քննարկումների, ինչին մենք նպատակահարմար չենք գտնում մասնակցել: Մենք չենք ցանկանում մասնակցել նման ձևաչափին»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ Գագիկ Սարգսյանը նշեց, որ խնդիրը խորացել է` գազի թանկացման հետ կապված, և «Ալիշան» ընկերությունը կանգնել է ճգնաժամի առաջ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ոչ պատշաճ ձևով գրություն է թողել գործարանի պահակասենյակում, այլ ոչ թե ուղարկել տնօրենին, որում ասված է. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն հետևյալ գրությունն էր ուղարկել «Ալիշան» ընկերությանը. «Հայտնում ենք Ձեզ, որ Ձեր դեբիտորական պարտքը առ 01.01.2014թ դրությամբ, որը կազմում է 1.906.608 դրամ 3 օրյա ժամկետում չվճարելու դեպքում գազամատակարարումը կդադարեցվի, գումարը կբռնագանձվի դատական կարգով»: «Գրությունում չկա հաշիվ-ֆակտուրա, կարծես` վախի սեմինար անցկացրած լինեն: Բլանկը, որի վրա գրված է գրությունը, չունի ամսաթիվ, թե որ ժամանակաշրջանի համար է այդ պարտքը, ինչպես է առաջացել այդ գումարը: Դա կոռուպցիոն փաստաթուղթ է»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
«Ալիշան» ընկերության ներկայացուցիչները գնացել են «Գազպրոմ Արմենիա», որպեսզի պարզեն, թե ինչպես է առաջացել այդ գումարը, այնտեղ ասել են, թե հինգ-վեց օրից կներկայացնեն պարզաբանումները, սակայն ոչ մի պարզաբանում էլ «Ալիշան» ընկերությունը չի ստացել: «Գազպրոմ Արմենիա»-ն չի հարգում ՀՀ ոչ մի օրենք, ուզում են ցույց տալ, որ իրենք օրենքից վեր են, բայց նրանք չարաչար սխալվում են: Վստահ եմ, որ եթե ՀՀ նախագահի ականջն ընկնի նման անօրինական գործունեությունը, նա չի հանդուրժի նման վիճակը: Եթե ես սխալ բաներ եմ խոսում, թող ինձ դատեն օրենքի ողջ խստությամբ: Ես կասկածում եմ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած հաշիվներին ու տեր եմ իմ խոսքերին»,- ասաց «Ալիշան» ընկերության սեփականատեր Սերժիկ Մոսեսյանը:
«Ալիշան» ընկերությունը չի հավատում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած պարտքի մասին գրությանը` ասելով, որ այդտեղ մոտ 11 տոկոս կամ մոտ 200 հազար դրամ ավելի է գրված: Ամեն ամիս գազի հաշիվը հաշվարկվում է ավելի բարձր գործակցով:
Սերժիկ Մոսեսյանը նշեց, որ չի դիմում դատարան ընդդեմ «Գազպրոմ Արմենիա»-ի, որովհետև դատավարությունը կձգձգվի երկու տարի, իսկ այդ ընթացքում ինքը պետք է անընդհատ ծախսեր անի դատական պրոցեսի համար, ինչն անիմաստ է համարում: