Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քննարկման ընթացքում ճշգրտվել են թե' կազմակերպչական հարցեր, թե' նաև` ովքեր են ելույթ ունենալու: Ճշտվել է հայտարարության հիմնական ուղեգիծը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` խոսելով ԱԺ-ում այսօր կայացած քննարկման արդյունքների մասին:
Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր ԱԺ-ում համատեղ քննարկում են անցկացրել խորհրդարանական ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը և «Ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչներ, որի նպատակն էր քննարկել վաղվա հանրահավաքի կազմակերպչական և բովանդակային բաղադրիչները:
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ, հանրահավաքին մասնակցելու առումով, քաղաքական ուժերը որևէ հատուկ հրահանգ չեն հնչեցրել իրենց համակիրներին: Հնչեցվել է կոչ` մասնակցել հանրահավաքին` անկախ կուսակցական պատկանելությունից:
Պատգամավորի խոսքով` հանրահավաքից ակնկալիքները մեծ են` թե' մարդաշատության, թե' ազդեցիկության առումով: «Հաշվի առնելով վերջին ժամանակներում հասարակության դժգոհության տարբեր պատճառները, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ հանրության լայն համախմբվածությունը, սպասում եմ, որ այն մարդաշատ կլինի»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է հարցին` քաղաքապետարանի կողմից արտոնագրվա՞ծ է հանրահավաքը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ այս հանրահավաքը հրատապ հանրահավաքների շարքից է, որովհետև, երբ որոշվել էր, որ պետք է հանրահավաք անցկացվի, օրենքով նախատեսված 7-օրյա ժամկետից ավելի կարճ ժամանակ են ունեցել, ահա, թե ինչու շտապ հանրահավաքի շրջանակներում է տեղեկացվել, ինչը համարվում է օրենքով նախատեսված կարգով պատշաճ տեղեկացում:
«Կարծում եմ, որ, հանրահավաքի արտոնագրված լինելու հետ կապված, խնդիրներ չեն լինի, և ոստիկանությունը տեղեկացված է ամբողջությամբ: Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, ապա տեխնիկական մի շարք հարցեր կարող են առաջանալ: Նախաձեռնող խումբն աշխատում է նաև այդ ուղղությամբ, որպեսզի տեխնիկական դժվարություններ չառաջանան»,- ասաց Մինասյանը:
Հարցին` կարո՞ղ է այդ հանրահավաքը դառնալ քաղաքական ու սոցիալական գործոն, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Միանշանակ: Դա ոչ միայն գործոն է, այլեւ ազդակ` ուղղված թե' իշխանություններին, թե' հանրությանը, որ միայն պայքարի միջոցով է հնարավոր արձանագրել առաջընթաց: Հակառակ դեպքում, տանը նստելով, պատերի տակ դժգոհելով, աշխատասենյակներում քննադատելով իշխանությանը, հարցի լուծում չի ապահովվելու»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ 4 քաղաքական ուժերը վաղը լինելու են Ազատության հրապարակում` սպասարկելով քաղաքացիական հասարակության պահանջը, այն է` կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: