կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-10 12:13
Իրավական

Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել

Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել

Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան «Ցեղակրոն» կուսկցության ղեկավար Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը: Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն, ով քիչ առաջ է վերադարձել իր պաշտպանյալի մոտից, լրագրողներին պատմեց, որ Շանթին կարողացել է տեսնել նշանակված ժամից մեկ ժամ ուշ, քանի որ նա առավոտյան ուշաթափվել է, երբ 17 օր չսնվելուց հետո նրան դիետիկ սնունդ տալու փոխարեն սովորական սնունդ են տվել: «Ակնհայտ էր, որ նրա առողջական վիճակը վատ էր, նրան անմարդկային պայմաններում են պահել, առանց ջեռուցման»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ հացադուլը դադարեցնելուց հետո միայն նրան փոքր տաքացուցիչ են տվել:

 

Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել գործով քննիչ Սամվել Տոնոյանի հետ, ով իրեն հայտնել է, որ ստացվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքը` պարզվել է, որ Շանթ Հարությունյանը մեղսունակ է: «Ես տեղյակ եմ, որ վարույթն իրականացնող մարմինը ստացել է եզրակացությունը, բայց ձգձգում են այն ինձ տրամադրել: Քննիչն ինձ շատ կոպիտ պատասխանեց, որ սահմանված ժամկետում կտրամադրեն»,- ասաց նա:

 

Ինեսա Պետրոսյանը հայտնեց նաև, որ վաղը, ամենայն հավանականությամբ, վարույթն իրականացնող մարմնին բացարկ կհայտնի, քանի որ, ըստ նրա, եթե գործով տուժողը ոստիկան է, ոստիկանության քննչական բաժինը չի կարող վարել գործի նախաքննությունը: