կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-28 16:36
Քաղաքական

Պուտինի այցով պայմանավորված հիստերիան անիմաստ է

Պուտինի այցով պայմանավորված հիստերիան անիմաստ է

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն անիմաստ է համարում Պուտինի այցի հետ կապված հիստերիան: Նրա կարծիքով` Հայաստանը Պուտինից մի բան պետք է պահանջի, որ բացատրություն տա, թե ինչու է Ադրբեջանին զենք վաճառել: Ըստ պատգամավորի` Ռուսաստանը խախտել է 1997թ. հայ-ռուսական պայմանագիրը` զենք վաճառելով մեր հակառակորդ երկրին: «Աբսուրդ է, փաստորեն, ինքը վաճառում է մի երկրի զենք, որի հետ մենք չենք ավարտել ռազմական գործողությունները, բայց նաև Հայաստանում բազաներն է ավելացնում: Փաստորեն, Հայաստանն օգտագործվում է որպես գործիք»,- ասում է պատգամավորը:

 

Նա նշեց, որ դեմ չի եղել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, ինքը դեմ է հայ-ռուսական վասալային հարաբերությանը, ինչի ականատեսն են այսօր: Խաչատուր Քոքոբելյանը կարծիք հայտնեց, որ Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանը և Ադրբեջանը մեկտեղ լուծելու ի վիճակի չեն, և դա խոշոր գերտերությունների ձեռքում այս պահի դրությամբ գործիք է` իրենց շահերը սպասարկելու համար: Նա հավելեց, որ ռուսական կողմը շատ կոպիտ և ակնհայտ օգտվում է այդ իրողությունից` մի կողմից` ռուսական բազաներն է ավելացնում, իսկ մյուս կողմից` հակառակորդ երկրին վաճառում է բացառապես հարձակվողական տիպի ժամանակակից սպառազինություն: «Ես գտնում եմ, որ Ռուսաստանը պետք է պատասխանի այդ հարցին` ինչո՞ւ զենք վաճառեց Ադրբեջանին, բայց այդ հարցի պատասխանը մինչ այս պահը տրված չէ, և մի՞թե դա ստորացուցիչ չէ»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը: