կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-21 19:00
Հասարակություն

ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստ`Երեւանում

ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստ`Երեւանում

Հոկտեմբերի 21-ին Երևանում կայացել է ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական (76-րդ) նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների 8 սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի և այլ փոխգործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ 

Հրամանատարների խորհրդին ողջույնի խոսքով է դիմել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը: Բարձր գնահատելով խորհրդի կատարած աշխատանքները՝ տնօրենն ընդգծել է հրամանատարների խորհրդի և համակարգող մարմնի՝ արդի մարտահրավերների դեմ իրականացվող պայքարի կարևորությունը, ճգնաժամային իրավիճակներում փոխօգնության և մի շարք այլ առանցքային հարցերում համագործակցության արդյունավետությունը:  

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, Սահմանապահ ծառայության ղեկավար, բանակի գեներալ Վ. Գ. Կուլիշովի նախագահությամբ՝ հրամանատարների խորհրդի անդամները, ամփոփելով 2016 թվականի գործունեության արդյունքները, քննարկել են մի շարք հարցեր, որոնց հիման վրա ընդունվել է ավելի քան 20 որոշում: 

Նիստի ընթացակարգի առանցքային հարցն է դարձել 2016 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմանների անվտանգության սպառնալիքների վերլուծությունը և 2017 թվականին իրավիճակի զարգացման կանխատեսումը: 

Քննարկման ժամանակ ընդգծվել է, որ ահաբեկչական սպառնալիքների վտանգի նվազեցման, անօրինական միգրացիոն հոսքերի, թմրանյութերի և զենքի մաքսանենգության դեմ պայքարի համար առաջնահերթ խնդիրը պետք է լինի անդրսահմանային հոսքերի և միջազգային հաղորդակցության ուղղություններով համալիր, համատեղ հատուկ սահմանապահ միջոցառումների իրականացումը: