կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 15:52
Քաղաքական

Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը. ՌԴ դեսպան

Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքով`անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը: Այդ մասին Վոլինկինն ասել է այսօր «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում:

 

Ռուսաստանի դեսպանը հավելել է, որ իրենց ինքնիշխանության որոշակի մասը զիջում են նաև Մաքսային միության մյուս անդամները, ներառյալ` Ռուսաստանը:

 

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Երևանում բարձրաձայնվող մտահոգություններին, թե, անդամակցելով Մաքսայաին միությանը, Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը, դեսպանը պատասխանել է. «Իսկ մի՞թե Եվրամիության անդամ երկրները չզոհաբերեցին իրենց ինքնիշխանության մի մասը, երբ միավորվում էին: Այդ երկրների մի մասն անգամ զոհաբերեց իր արդյունաբերության, գյուղատնտեսության որոշակի հատվածը: Ի դեպ, Մաքսային միությունը նման զոհողություններ չի պահանջում: Ավելին՝ Հայաստանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը լրացուցիչ խթան կստանան` զարգացման ու եվրասիական շուկայի յուրացման համար»:

 

Ինչ վերաբերում է Խորհրդային Միության վերաստեղծմանը վերաբերող մտահոգություններին` Վոլինկինն ասել է. «Խորհրդային Միությունն այլևս անցյալում է, և վերադարձ դեպի ԽՍՀՄ չկա՝ նրա դրական ու բացասական կողմերով հանդերձ: Լիովին վստահ եմ, որ նոր ԽՍՀՄ չի լինելու… Մաքսային միության անդամ երկրներն իրենց ինքնիշխանությունը ամբողջովին չեն կորցնի, սակայն իրենց ինքնիշխանության մի մասը, առանց որևէ կասկածի, պետք է փոխանցեն վերազգային մարմիններին: Դա տեղի է ունենում ինտեգրացիոն բոլոր միավորումներում՝ թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում, ուր ասես»: