Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը դեռ չի կարողանում պատկերացնել, թե ինչպես Վարդան Պետրոսյանը հայտնվեց մահվան ելքով վթարի կիզակետում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իր համար Վարդան Պետրոսյանը տաղանդավորագույն հայ երիտասարդներից մեկն է, ինքը հպարտանում է, որ նման տաղանդավոր հայ դերասաններ այսօր կան, բայց, միաժամանակ, բացասաբար է վերաբերվում, երբ մարդիկ ոչ սթափ վիճակում են մեքենա վարում:
«Ես Պետրոսյանին համարում եմ մեր ժողովրդի տաղանդավոր զավակներից մեկը, բայց մյուս կողմից էլ ափսոսում եմ այդ տասնվեց տարեկան երիտասարդներին. երկու ընտանիքի սյուն է քանդվել, երկու ընտանիքի համար կյանքն արդեն իմաստ չունի: Ես ափսոսում եմ Վարդան Պետրոսյանին, բայց ափսոսում եմ նաեւ այդ տասնվեց տարեկան երիտասարդներին»,- նշեց Մկրտիչ Մինասյանը:
Տարբեր վթարները, հարբած ղեկին նստելը, մեծ արագությամբ մեքենա վարելը ՀՀԿ-ական պատգամավորը համարում է հասարակական կարծիքի եւ հասարակական պարսավանքի բացակայության արդյունք: Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ժամանակները փոխվել են, արագությունները փոխվել են, ու պետք է շատ զգույշ լինել, որ նման պատահարներ չլինեն:
Իսկ լրագրողների դիտարկմանը, թե փորձաքննությունը ցույց է տվել, որ Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործած չի եղել, ու դեռ հարց է` մեքենան արագ է վարել, թե` ոչ, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, որ ինքը գործի մանրամասներին ծանոթ չէ, բայց եթե վթար է եղել, ուրեմն ինչ-որ մի վարորդ մեղավոր է, հակառակ պարագայում` վթար չէր լինի:
«Եթե մենք կոչված ենք Վարդան Պետրոսյանին պաշտպանելու կամ աջակցելու, ապա կարծում եմ, որ դրանով լավ գործ չենք անում»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: