կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 16:06
Մշակույթ

16 ներկայացում` ″Երիտասարդ թատերական ռեժիսուրայի″ փառատոնում

16 ներկայացում` ″Երիտասարդ թատերական ռեժիսուրայի″ փառատոնում

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը Հայաստանի թատերական գործիչների միությունը կանցկացնի «Երիտասարդ թատերական ռեժիսուրայի» 8-րդ հանրապետական փառատոնը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի մամլո պատասխանատու Վլադ Մուրադյանը նշեց, որ այս տարի փառատոնին կներկայացվի 16 ներկայացում` Երեւանից, Վանաձորից, Գյումրիից եւ Թբիլիսիից: Փառատոնին ներկա կգտնվի Մոսկվայից ժամանած փորձագետների խումբը, որոնց նպատակն է ընտրել մեկ ներկայացում Մոսկվայի թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական ծրագրի մասնակցության համար:

 

«Ծրագրի շրջանակում նախատեսված փառատոնը կայանալու է 2014-ի ամռանը Մինսկում: ԱՊՀ յուրաքանչյուր երկրից մասնակցելու է մեկ ներկայացում»,- ասաց Մուրադյանը:

 

Ըստ նրա` յուրաքանչյուր ներկայացման ավարտին հաջորդում են քննարկումներ, որոնք գլխավորում է ՌԴ ժողովրդական արտիստ, Մեյերխոլդի անվան մշակութային կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովը:

 

«Այս տարի փառատոնին կմասնակցեն երիտասարդ բեմադրիչներ Նորա Գրիգորյանը, Գոռ Մարգարյանը, Մարիամ Սարյանը, Վահան Բադալյանը, Արմեն Սարգսյանը, Կարապետ Բալյանը, Զարուհի Անտոնյանը, Արշալույս Հարությունյանը, Գայանե Գրիգորյանը, Գագիկ Մելքումյանը, Հակոբ Ազիզյանը, Իշխան Ղարիբյանը, Հարություն Գալֆայանը, Տիգրան Ավետիսյանը, Հայկազ Փայտյանը, Վարդուհի Գրիգորյանը: Փառատոնին մասնակցում են մինչեւ 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում»,- ասաց Մուրադյանը:

 

Ի դեպ, առաջին անգամ փառատոնն անցկացվել է 2006-ին: Փառատոնը հիմնադրվել է ՀԹԳՄ կողմից` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: