Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանական վերնախավում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ նոյեմբերին Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի փոխարեն հռչակագիր է ստորագրվելու: Այսօր էլ «Հայկական ժամանակ» թերթը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, որ Ասոցացման համաձայնագրի փոխարեն 1.5 էջանոց մի փաստաթուղթ է ստորագրվելու, ինչն էլ, այս պահին եղած տեղեկատվության համաձայն, լինելու է «Հռչակագիր»։
Ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցիչները Վիլնյուսում հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ պաշտոնապես որեւէ ակնարկ անգամ անել չեն ցանկանում:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նախ ասաց, որ տեղյակ չէ նման հռչակագրից, բայց չի էլ կարող ասել` հռչակագիր կստորագրվի՞, թե` ոչ:
Հնարավոր ստորագրվելիք հռչակագրի վերաբերյալ տեղեկատվություն չուներ նաեւ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արտակ Զաքարյանը, ով նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է: «Հիմա էլ գնում է գործընթաց, որի նպատակն է ունենալ համաձայնեցված մոտեցումներ Եվրամիության մեր գործընկերների հետ»,-նշեց Զաքարյանը:
Դիտարկմանը, թե չի բացառում, որ այդուհանդերձ կստորագրվի հռչակագիր, Զաքարյանը հայտարարեց, որ այդ հարցին չի պատասխանի: Ուշագրավ է, որ չնայած նման դիտարկումներին` Զաքարյանը նաեւ վստահեցրեց, թե թերթը «հորինել է», գրելով, որ 1.5 էջանոց հռչակագիր կստորագրվի:
Երբ մեր թղթակիցը նկատեց, որ իր ասածները մեկը մյուսին հակասում են, ՀՀԿ-ական պատգամավորի նյարդերը տեղի տվեցին, վերջինս հայտարարեց, որ պետք չէ իր հետ նման դիտարկումներ անել, եւ անջատեց հեռախոսը:
Ուշագրավ է, որ Արտակ Զաքարյանն այն հազվադեպ հավասարակշռված պատգամավորներից է, ով սովորաբար աչքի է ընկել իր զուսպ պահվածքով. թե նրան ի՞նչ պատահեց, պարզ չէ...Հավանաբար Վիլնյուսն է մեղավոր...