Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ԱԺ-ում լրագրողների խնդրանքով անդրադարձավ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցին եւ նշեց, որ ինքը համաձայն է «Ձեռքերը թափահարելու` դիմացինի ազատությունն ավարտվում է իմ քթի մոտ» մտքին:
Փոստանջյանի արածը Վահան Հովհաննիսյանի համար ընդունելի չէ: «Հենց վիրավորանք եք հասցնում` անհատական վիրավորանք, սա այլեւս խոսքի ազատություն չէ եւ բոլորովին այլ կերպ է բնութագրվում: Բայց դա մի կողմ եմ ուզում թողնել, որովհետեւ բանավեճի մեջ երբեմն կարող է նման սահմանները չհարգվեն, հարցը դա չէ: Հարցն այն է, որ ես չեմ կարողանում հասկանալ` ինչպես կարող է իշխանափոխությանն ուղղված պայքարին նպաստել քո սեփական երկրի նվաստացումը ուրիշ երկրներում»,- նշեց դաշնակցական պատգամավորը:
Ըստ նրա` շատ հաճախ ենք տեսնում, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան այս կամ այն երկրում տարբեր զանցանքներում է մեղադրվում կոնկրետ փաստերով, բայց, օրինակ, չենք տեսել, որ որեւէ իտալացի պատգամավոր Սիլվիո Բեռլուսկոնիին, որի վարքն ամբողջ աշխարհին հայտնի է, նման հարցով դիմի միջազգային ատյաններում:
Ի տարբերություն շատ քաղաքական գործիչների, Վահան Հովհաննիսյանը ենթադրություններ չի անում, թե ինչու է Փոստանջյանը նման բան արել: Ենթադրությունները, ըստ պատգամավորի, մեզ կարող են տանել ուրիշ դաշտ: «Մեր երկրին լուրջ հարված հասցվեց, փորձեցին խայտառակ անել: Անկախ նրանից, թե ով է իշխանության, սա իմ երկիրն է: Պետականություն, իշխանություն` մարդիկ չեն կարողանում տարբերել: Իշխանությանը վիրավորանք, հարված հասցնելու համար ոտնատակ են տալիս մեր պետականությունը: Ես փորձելու եմ դրա բացասական հետեւանքները չեզոքացնել»,- հայտարարեց նա:
Հարցին, թե ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանը կազինոյում խաղում է, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես իր հետ կազինոյում չեմ եղել, ես իրեն կազինոյում չեմ տեսել. գնահատականներ տալու, հավատալ-չհավատալու ոչ մի բարոյական իրավունք չունեմ»: