կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-03 12:10
Քաղաքական

Փոստանջյանին կհեռացնեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից

Փոստանջյանին կհեռացնեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից

Հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի Է ենթակետը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց, որ խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ ու մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում:

 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը

 

Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից՝ ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց: Նաև ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք:

 

Հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի Է ենթակետը` հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ և մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում: