կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 18:19
Արցախ

Արցախը պատրաստ է ընդունել սիրիահայերին

Արցախը  պատրաստ է ընդունել սիրիահայերին

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը պատրաստակամություն է հայտնում Ղարաբաղում ընդունել սիրիահայ փախստականների: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ վստահեցնելով, որ Ղարաբաղում հաստատված ամեն մի սիրիահայի կառավարությունը կցուցաբերի անհատական մոտեցում:

 

«Նրանք ուղղակի կգտնվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում՝ ոչ թե խմբակային, այլ անուն առ անուն, ընտանիք առ ընտանիք», - ասաց Աղաբեկյանը՝ շարունակելով․ «Այս առումով ինչի՞ սպասենք, նորից տեսնենք՝ է՞լ ինչ իրադարձություններ կարող են տեղի ունենալ: Ուղղակի կոչ եմ անում սիրիահայ մեր եղբայրներին՝ որտեղ էլ հիմա կաք՝ Դամասկոսում եք, թե որևիցե տեղ, բոլոր նրանց, ովքեր դիսկոմֆորտ են զգում և վտանգված է իրենց ընտանիքը, ապա նրանք կարող են գալ և հասարակության լիարժեք անդամ լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»:

 

Հիշեցնենք, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շուրջ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ սիրիահայերը պետք է կարողանան շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ, և այդ խնդիրն իրենք քննարկում են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների հետ:

 

Արթուր Աղաբեկյանը, վերահաստատելով Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, նշեց, որ արդեն որոշակի քայլեր ձեռնարկվել են:

 

«Վարչապետի այցի ժամանակ իրական քննարկում տեղի ունեցավ՝ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունի հնարավորություններ փախստականներ ընդունելու: Միանշանակ մեր վարչապետը պատասխանեց, որ մենք, այո, կգնանք այդ քայլին, եթե կա դրա անհրաժեշտությունը, անգամ վարչապետը խնդիր դրեց, որ սկսենք համայնքներում ուսումնասիրել, տեսնենք՝ քանի դատարկ տներ կան, որտեղ անհրաժեշտության դեպքում կարող ենք օգտվել այդ հնարավորությունից», - ասաց Ղարաբաղի փոխվարչապետը: Շարունակությունը՝ այստեղ։