Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը անհիմն է համարում իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու` դատարանի որոշումը: Փաստաբանը, թեև բողոքարկել է որոշումը, սակայն համոզված է, որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ կթողնի այն:
Այսօր Փաստաբանների պալատում Գ. Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, որ լռելու դեպքում հնարավոր է` ապօրինություններով լի գործն այդպես էլ ուղարկեն դատարան: Ըստ նրա` ողջ մեղադրանքը հիմնված է Արայիկ Պետրոսյանի հագուստի և դեմքի վրայից անտիմոնի հայտնաբերման վրա:
«Անտիմոնը հանդիպում է բնության մեջ, և' կենցաղում, և' ցանկացած բանից կարող էր առաջանալ»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ մեղադրական եզրակացության մեջ անգամ նշված չէ անտիմոնի վաղեմության ժամկետը և հիմնավորված չէ, որ այն կրակոցի հետևանքով է առաջացել:
Մեղադրանքի համար հիմք է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ Արայիկ Պետրոսյանը «Նիվա» մակնիշի մեքենա ունի, իսկ ականատեսների վկայությամբ` գյուղապետի վրա կրակել են հենց այդ մակնիշի մեքենայից:
«Եթե ընդունենք այն, որ սպանություն կատարող անձնավորությունը եղել է «Նիվա» մակնիշի մեքենայով, ապա ստացվում է, որ սպանությունը կատարվել է մի անձի կողմից, ով համոզված է եղել, որ եթե իրեն տեսեն, ապա չեն ճանաչի: Չեն ճանաչի նաև ավտոմեքենան, իսկ մեքենայի պետհամարանիշը հիշելու դեպքում` չեն կարող այն գտնել, քանի որ այն կեղծված է եղել և նման համար գոյություն չունի»,- հայտարարեց փաստաբանը:
Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ երկու ամսվա ընթացքում իր պաշտպանյալի նկատմամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել, վարույթն իրականացնող մարմինը մինչ օրս առերեսում չի իրականացրել: Գործի շրջանակներում շուրջ 150 հոգի հարցաքննվել է, սակայն փաստաբանը նշում է, որ այդ հարցաքննություններն անիմաստ են անցել, քանի որ մինչ օրս հանցագործությունը չի բացահայտվել, եւ մեղադրանքը չի հիմնավորվել:
«Կատարվում է մի պատվեր, որի շրջանակներում, մեկը մյուսին պաս տալով, գործ են քննում` չմտածելով, որ խաղում են մարդու ճակատագրի հետ»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել է ապրիլի 2-ի առավոտյան` Պռոշյան գյուղում: