կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-03 14:22
Քաղաքական

Ես չգիտեմ` ով է լափողներ, թալանչիներ ասել. Էդուարդ Շարմազանով

Ես չգիտեմ` ով է լափողներ, թալանչիներ ասել. Էդուարդ Շարմազանով

ԱԺ-ում լրագրողների խնդրանքով անդրադառնալով շաբաթ օրը Սերժ Սարգսյանի հրավիրած հայտնի քննարկմանը եւ, մասնավորապես, լուրերին, թե հիմա ՀՀԿ-ում լարված վիճակ է` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ վստահեցրեց, որ ոչ մի լարվածություն էլ չկա, հետո` որ ընդամենը աշխատանքային մթնոլորտ է:

 

«Նախագահի խոսքերը մեկնաբանության կարիք չունեն, որովհետեւ պարոն նախագահը շատ հստակ եւ ամբողջական ներկայացրեց իր կարծիքը, շեշտադրումները շատ հստակ էին»,- հայտարարեց նա:

 

Լրագրողների հարցին, թե ճի՞շտ է իրեն պահել ՀՀԿ-ն ՎՊ տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ ճիշտ պահելն ու սխալ պահելը քաղաքական կատեգորիաներ չեն: «Մեծամասնությունն ինչպես է իրեն պահել, ինպես չի պահել, ինչպիսի խնդիրներ ունի, դա ներկուսակցական քննարկման խնդիր է, եւ ես կոռեկտ չեմ համարում մեր ներկուսակցական քննարկումները, առավել եւս` մեր կուսակցության նախագահի գնահատականները ձեզ հետ քննարկելը: Ինչպես որոշի ՀՀ եւ ՀՀԿ նախագահը, այդպես էլ կլինի»,- ասաց նա:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, որ, որոշ գնահատականների համաձայն, Սերժ Սարգսյանին հատկապես բարկացրել է այն, որ ՀՀԿ խմբակցությունը ԱԺ նիստերում չի պաշտպանել կառավարությանը, ավելին` դեռ մի բան էլ ԱԺ նախագահը, փոխնախագահը «թալանչիներ», «լափողներ» որակումներն են տվել, Շարմազանովը հակադարձեց. «Ես չգիտեմ, ով է լափողներ, թալանչիներ ասել (այդ գնահատականները տվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՎՊ տարեկան հաշվետվության վերաբերյալ իր առաջին ելույթում- խմբ.): Պարոն նախագահի գնահատականը շատ ամբողջական եւ հստակ էր, մեկնաբանության կարիք չունի»:

 

Պարզվում է` ԱԺ փոխնախագահը մտավախություն չունի, որ կարող է արժանանալ Սերժ Սարգսյանի նախատինքին: Մեր այդ դիտարկմանն ի պատասխան, նա հայտարարեց. «Քաղաքականություն է, իսկ ո՞վ է ասել, որ մեզ միշտ պետք է գովեն, իսկ ո՞վ է ասել, որ միշտ պետության նախագահը մեր աշխատանքից պետք է գոհ լինի: Իհարկե, մենք էլ կարող ենք սխալվել»:

 

Շարմազանովը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ այդ օրերին արված իր գնահատականները բավականին կոպիտ էին` նշելով, որ դրանք ոչ թե կոպիտ էին, այլ` իրատեսական:

 

«Անկախ նրանից, ով է խախտում օրենքը, իշխանություն ես, թե իշխանություն չես, մարդիկ բաժանվում են պարկեշտ եւ ոչ պարկեշտ պաշտոնյաների: Այն, որ մեզ մոտ, դժբախտաբար, կան ոչ պարկեշտ պաշտոնյաներ, դա փաստ է: Եվ անկախ նրանից, ով է խախտում օրենքը, պետք է պատժվի, դա է մեր կուսակցության փիլիսոփայությունը»,- եզրափակեց նա: