կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-27 18:49
Իրավական

Ուսումնատենչ Խաչիկյանն ու վկաների ''բոցերը''

Ուսումնատենչ Խաչիկյանն ու վկաների ''բոցերը''

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստին հարցաքննվեց 25 վկա:

 

Հիշեցնենք, որ Խաչիկյանն ու Սոցիալական ծառայության այլ աշխատակիցներ մեղադրվում են հանրապետությունից բացակայող անձանց և հանգուցյալների կենսաթոշակները յուրացնելու և պետությանը զգալի չափով վնաս հասցնելու մեջ:

 

Այս գործի շրջանակներում արդեն ցուցմունք է տվել 40-ից ավելի վկա: Նրանք  հերքել են այն, որ  իրենց հարազատները կամ ծանոթները վերջին տարիներին  կենսաթոշակ են ստացել, քանի որ նրանք կա'մ  մահացել են տարիներ առաջ, կա'մ բավական ժամանակ հանրապետությունում չեն բնակվել և որևէ մեկը լիազորված չի եղել նրանց փոխարեն կենսաթոշակ ստանալու:  

 

Շուրջ 5 ժամ տևած նիստը վկաների շրջանում տարատեսակ դժգոհությունների տեղիք տվեց:  Նիստը, պաշտպանների խնդրանքով, առաջին անգամ մեկ ժամով ընդմիջվեց, և վկաները ստիպված եղան կրկին սպասել իրենց հերթին:

 

Մինչ այդ, դատակոչված վկաներից մի տարեց կին, ով լսողության հետ խնդիրներ ուներ և դժվարությամբ էր քայլում, ցուցմունք տվեց իր` «կենսաթոշակ ստացած» հարևանուհու մասին: Կինն անգամ ճշգրիտ չէր էլ հիշում`  իր հարևանուհին չո՞րս, թե՞ 10 տարի առաջ է հեռացել Հայաստանից, ուր մնաց իմանար` մինչ այդ որտեղ է կենսաթոշակ ստացել կամ որևէ մեկին լիազորե՞լ է իր փոխարեն կենսաթոշակ ստանալ: Վկան նախ բարկացավ, թե ինչու են իրեն հրավիրել դատարան, իսկ հետո դժգոհեց իրեն այդքան սպասեցնելու համար. «Ես տաքսի եմ վարձել, դուրսը 2 ժամ ա ինձ ա սպասում, ստիպված շատ եմ վճարելու»:


Դատակոչված վկաների թվում կային նաև յուրօրինակ վկաներ: Օրինակ` մեկը նիստի ընթացքում դատարանի միջանցքից կարգադրիչի միջոցով նամակ էր ուղարկել դատավոր Մխիթար Պապոյանին և խնդրել իրեն շուտ հարցաքննել, քանի որ ճնշում ունի: Դատավորն ընդառաջեց վկային և ժպտալով ասաց, որ իր դատական պրակտիկայի ընթացքում առաջին անգամ է նման նամակ ստանում:

 

Վկաներից շատերը Խաչիկյանի մասին լսել կամ  նրան տեսել էին հեռուստացույցով, իսկ կատարված յուրացումների մասին իմացել քննիչներից:

 

Ողջ նիստի ընթացքում առաջին շարքում խելոք նստած` յուրացումների «կնքահայրը»` Վազգեն Խաչիկյանը, ոչ մի վկայի դեմքին այդպես էլ չնայեց: Նա խիստ զբաղված էր ինքնակրթությամբ: Ընդմիջումից առաջ կարդում էր անգլերենի քերականության գիրքը, իսկ հետո ուսումնասիրում էր օրվա մամուլը:

 

Ինչևիցե, ով որքանով կապ ունի այս գործի հետ կամ որքան  կենսաթոշակ է յուրացրել, կպարզի դատարանը, սակայն մինչ այդ արձանագրենք մի հետաքրքրական փաստ: Խաչիկյանի գործի դատաքննության վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 10 տարիների ընթացքում մեր երկրում մահացության թվի և  արտագաղթի աճն անհերքելի փաստ է:  Ի դեպ, վկաների ցուցմունքներն էլ են փաստում, որ մեր հայրենակիցները մշտական բնակության համար նախընտրում են կա'մ ՌԴ-ն, կամ ԱՄՆ-ը: