Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող` զոհված զինվորների հարազատներն այսօր երկու բառ փոխանակելու հնարավարություն ունեցան արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, ով ինչպես բոլոր նախարարները փորձում էր աննկատ մտնել կառավարության շենք: Բողոքի ակցիա անցկացնող կանայք հայտարարեցին, որ երկրում արդարադատություն չկա, քանի որ իրենց որդիները իրականում ինքասպան չեն եղել, ինչպես պաշտոնական վարկածն է ներկայացնում:
«Եթե իմ որդու մահվան իրական մեղավորներին չգտնեն, ապա ես խոստանում եմ իմ որդու դիակը հանել գերեզմանից եւ տանել մի դեսպանատան դիմաց դնել, որ տեսնեն, թե ինչ է կատարվում իրականում երկրում»,- հայտարարեց զոհված զինծառայողներից մեկի մայրը:
Հրայր Թովմասյանն էլ հորդորեց, որ նման բան անել պետք չէ, եւ որ իրական մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը: Զոհված զինվորների հարազատներն էլ նշեցին, որ տարիներ շարունակ նույն խոստումն են լսում:
Արդեն կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ կխոսի զինվորական դատախազի հետ, կհասկանա խնդրի էությունը: «Հարցն իմ լիազորությունների շրջանակում չէ, ոչ էլ` վարչապետի: Իհարկե, ցավալի է, շատ վատ է այս վիճակը տեսնելը, բայց որոշ դեպքերում գործ ունենք անփութության, մի դեպքում` ոչ պրոֆեսիոնալիզմի հետ: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ պետք է որոշակի ելք գտնել: Այդ մարդկանց ես հասկանում եմ` զավակ են կորցրել, եւ ինչ-որ խոսքեր գտնել բավականին դժվար է: Բայց մյուս կողմից էլ պետք է նայել` աշխարհում շատուշատ հայտնի գործեր չեն բացահայտվել, հիմա ես չեմ ուզում ասել, որ այդ գործերն այդ շրջանակից են, բայց պետք է ամեն ինչ անել, որ ծնողների մոտ չմնա այդ կասկածը, որ ինչ-որ բան այնպես չէ: Սա պետության գլխավոր խնդիրն է»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը: