կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-08 12:42
Հասարակություն

Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ զինվորների մայրերին. Սերժ Սարգսյան

Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ զինվորների մայրերին. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց տոնի առթիվ.

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ: 

Մենք ամեն կերպ խրախուսում ենք կանանց ավելի մեծ ներգրավվածությունը մեր երկրի հասարակական կյանքում: Մեր համոզումն է, որ Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ, որը պետք է կյանքի կոչվի ամենատարբեր ասպարեզներում: Այսօր ակնհայտ է, որ մեզանում ավանդական համարվող ոլորտներից բացի, ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը, կանայք սկսել են լուրջ դերակատարություն ունենալ ձեռնարկատիրության, լրագրության, կառավարման, բարձր տեխնոլոգիաների, դատական և այլ բնագավառներում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Չեմ կասկածում, որ դուք զարգացնելու եք առկա հաջողությունները և արժանիորեն գրավելու եք ավելի մեծ տեղ նաև քաղաքական կյանքում:

Սիրելի՛ կանայք,

Այդքանով հանդերձ, դուք մնում եք ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը, մնում եք ձեր ամուսինների թևն ու թիկունքը, ձեր զավակների պահապան հրեշտակները, ձեր եղբայրների գորովալից քույրերը և ձեր պատիվը սահմանին պաշտպանող երիտասարդների հարսնացուները:
Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի առթիվ:

Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում:

Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք»: