կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-27 10:20
Իրավական

Ոստիկանությունը դասախոսի դանակահարության վերաբերյալ մանրամասներ է հրապարակում

Ոստիկանությունը դասախոսի դանակահարության վերաբերյալ մանրամասներ է հրապարակում

 

Հունիսի 26-ին դանակահարություն էր տեղի ունեցել Վանաձորում, ինչի հետևանքով տուժել էր տեղի թատերական ինստիտուտի դասախոսներից մեկը:

 

Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակում կատարվածի վերաբերյալ:  Ըստ այդմ` երեկ` ժամը 14.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ Վանաձորի երաժշտական ուսումնարանի վարչական շենքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1978 թ. ծնված Վասիլ Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

 


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 14.00-ի սահմաններում, նշված ուսումնարանում վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1984 թ. ծնված Ակսել Մ.-ն, որն անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.30-ին ներկայացել է բաժին:
Նույն օրը` ժամը 19.50-ին, ՁՊՎ ընդունված Ակսել Մ.-ի մարմնի արտաքին զննության ժամանակ, զույգ նախաբազուկներին, դաստակներին և աջ բազուկին հայտնաբերվել են քերծվածքներ և այտուցներ: Ակսել Մ.-ն հայտարարել է, որ դրանք ստացել է Վասիլ Գ.-ի հետ վիճաբանության և քաշքշուկի ժամանակ՝ նրա կողմից:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

 


Ոստիկանության Վանաձորի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ակսել Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:


Ի դեպ, իսկ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` դանակահարության պատճառը եղել է բուհի ուսանողուհի Աննա Դարբինյանը, որն Ակսելի ընկերուհին է: Վ. Գևորգյանն Աննային անբավարար է նշանակել՝ վիրավորելով նրա արժանապատվությունը, իսկ Ակսելն էլ փորձել է պաշտպանել ընկերուհու արժանապատվությունը դանակի գործադրմամբ: