Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Այն, որ վերջին շրջանում Ադրբեջանը ռուսական կողմից մեծածավալ գնումներ արեց, հայ «փորձագետների» կարծիքով, Ռուսաստանի իրավունքն է: «Ո’չ իրավունք չունի, նա մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ ռազմավարական այն դաշնակիցներն են, որոնք պատրաստ են զոհաբերել իրենց տնտեսական, երբեմն էլ քաղաքական շահերը` հանուն դաշնակցի»,- լրագրողներին այսօր ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը` անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ զենք վաճառելու փաստին:
Ըստ նրա` ռազմավարական դաշնակիցներն այդպես չեն վարվում, առավել եւս` երբ մենք, որպես Ռուսաստանի դաշնակից, մեզ բավականին հավատարիմ ենք պահում:
«Ինչպե՞ս կընկալեր Ռուսաստանը, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր դաշնակիցներն իր հակառակորդին զենք վաճառեին: Թուրքիայի դեմ, որը հումք էր մատակարարում Գերմանիային, ԽՍՀՄ-ը դրա համար պատրաստվում է պատերազմ սկսել` այդ պատճառաբանությամբ: Մեր դաշնակիցը մեր դեմ հստակ գործողություններ է կատարում, որը դատապարտելի է»,- ասաց Արա Պապյանը:
Բանախոսի ներկայացմամբ, ճիշտ է` ռազմական հավասարակշռությունն այս դեպքում չի խախտվում, քանի որ հայկական կողմը բավարար միջոցներ ունի նույնիսկ ձեռք բերված սպառազինությունների դեմ անհամաչափ պատասխան հասցնելու համար, ու այդ դեպքում ավելի բարձր մակարդակի հավասարակշռություն է ստեղծվում: Սակայն հարցն այստեղ հավասարակշռությանը խախտումը չէ, այլ այն, որ ավելի բարձր հավասարակշռության հետեւանքով հազարավոր, նույնիսկ տասնյակհազարավոր զոհեր են լինելու երկու կողմից էլ:
«Թող Ռուսաստանը հստակ հայտարարի, որ մեր արյան գնով փող է աշխատում: Մենք չգիտենք, թե պատերազմի դեպքում Ռուսաստանն ինչպես իրեն կպահի. մենք դառը փորձ ունենք 1917 թվից` քեմալականներին զինելը, նաեւ` 1990-ականները: Ի՞նչ երաշխիք, թե ռուսները կկատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները պատերազմի դեպքում: Այստեղից արդեն արյան հոտ է գալիս»,- ասաց Արա Պապյանը:
Հայաստանի կողմից այս զենքային գործարքի մասին, ինչպես նշեց Արա Պապյանը, ամենաբարձր մակարդակի արձագանքը եղել է ՊՆ մամուլի խոսնակի արձագանքը, որ այս մատակարարումները չեն խախտում ռազմական հավասարակշռությունը: Բայց այս հարցը, բացի ռազմականից, ունի նաեւ քաղաքական բաղադրիչ եւ այդ բաղադրիչի շուրջ պետք է հնչի քաղաքական գնահատական: Արա Պապյանի խոսքերով` ամեն մի ոչ բարեկամական արարք չպետք է անպատասխան թողնել, եւ եթե սա մնա անպատասխան, Ռուսաստանի կողմից հաջորդ քայլն ավելին է լինելու:
Ադրբեջանին զենք մատակարարելով, ըստ բանախոսի, Ռուսաստանը չի պատժում Հայաստանին, պարզապես կարծում է, որ Հայաստանն իր գրպանում է, ու մտածում է Ադրբեջանին սիրաշահելու մասին: Որպեսզի այդպես չլինի, Արա Պապյանն առաջարկում է այնպես անել, որ Ռուսաստանն անընդհատ զգա, որ մենք ունենք այլընտրանք:
«Եթե այս քայլը Ռուսաստանն անում է Հայաստանին Մաքսային կամ Եվրասիական միության կողմը կողմնորոշելու համար, ապա դա մեծ սխալ է. Մենք չենք կարող միանալ որեւ կառույցի, որի մասին անգամ իրենք պատկերացում չունեն: Նույն Եվրամիության հետ մենք խորը եւ համապարփակ առեւտրի պայմանագիր պետք է ստորագրենք, որը 1500 էջանոց փաստաթուղթ է` ամեն ինչ մանրամասն պարզէ, թե ինչ պարտավորություններ ու իրավունքներ ենք ստանձնում այդ պայմանագրով: Իսկ մաքսային միությունն ու Եվրասիական միությունը դեռ անորոշ գաղափարների մակարդակում են գտնվում»,- ասաց բանախոսը` նշելով, թե որքա~ն երկրներ կերազեին այստեղ ռազմակայան ունենալ ու որքան գումարներ կվճարեին մեզ դրա համար, մենք էլ այդ գումարով զենք կգնեինք: