Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համացանցային լրատվամիջոցները, մեկը մյուսից քաղելով և այդպես էլ ստույգ որևէ հղում չանելով, շարունակում են տարածել մի տեղեկատվություն, ըստ որի՝ Դիլիջանում տեղակայված զորամասերից մեկում ՀՀ ՊՆ շտաբի պետ Խաչատուրովի որդին՝ նույնպես զինվորական, հարբած վիճակում դաժան ծեծի է ենթարկել ժամկետային 4 զինծառայողի, որոնցից երեքին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, իսկ մեկին, ում վիճակը ծայրահեղ ծանր է, նույն զինվորականն իր մեքենայով տեղափոխել է Երևան: Այս տեղեկատվության հրապարակումներից շատ չանցած՝ ՊՆ մամուլի քարտուղարը հանդես եկավ հերքումով՝ հայտարարելով, որ նախարարությունը ճշտել է լուրի իսկությունը և վստահեցնում է, որ նման միջադեպ Դիլիջանում տեղի չի ունեցել:
Անշուշտ, այնքան էլ էական չէ, թե հանրությունն ու՛մ է առավել վստահում՝ լրատվամիջոցների՞ն, թե՞ ՊՆ-ին ու դրա խոսնակին: Կարևորն այն է, որ լրատվամիջոցներն այս գործելակերպով հերթական անգամ ջուր են լցնում իշխանությունների ու, մանավանդ, երկրի նախագահի ջրաղացին, ով դեռ երկու ամիս առաջ հայտարարեց, թե մեր երկրում ստեղծված գաղջ մթնոլորտի պատճառը «մի քանի կայք ու թերթեր են, մի երկու հեռուստաալիքներ», որոնք պարբերաբար թունավորում են մթնոլորտը՝ հանրությանը տոգորելով բացասական սպասումներով, անվստահությամբ ու հոռետեսությամբ: Նախագահը, անշուշտ, ճիշտ չէր: Սակայն մի՞թե ճիշտ են այն լրատվամիջոցները, հատկապես` էլեկտրոնային, որոնք այնպես անդառնալի են իրենց պրակտիկայից դուրս մղել հղումի երևույթը, որ հասարակական-քաղաքական կարևոր որևէ լուրի «ծայրը» գտնել կամ բռնելը դարձել է գրեթե անհնար: Այդպիսով՝ նաև ձեռքից բաց է թողնվել այս իշխանությունների հետ փաստերով և աղբյուրներով խոսելու հնարավորությունը, որից էլ նրանք օգտվում են բացառիկ արհեստավարժությամբ: Բացառված չէ նաև, որ կեղծ լուրը հաճախ կարող է խայծ լինել՝ լրատվամիջոցներին «գաղջացման» մեղքում հետո մեղադրելու համար:
Վերադառնալով Դիլիջանում «կատարվածին»՝ նկատենք, որ այս դեպքում էլ զինծառայողների՝ ծեծի ենթարկվելու լուրի հեղինակն ու աղբյուրն անհայտ են, մինչդեռ հասարակ մի հղումը շատ բան կասեր այն մասին, թե ով է, ի վերջո, ապատեղեկատվություն տարածում՝ լրատվամիջոցնե՞րը, թե՞ գերատեսչությունները, այս դեպքում՝ պաշտպանության նախարարությունը:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ