կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-14 10:02
Հասարակություն

"Հայբիզնեսբանկի" վարչության նախագահը դաժանաբար ծեծվել է

"Հայբիզնեսբանկի" վարչության նախագահը դաժանաբար ծեծվել է

Երեկ yerkir.am-ը տեղեկություն ստացավ, որ հունիսի 10-ին «Հայբիզնեսբանկի» կենտրոնական գրասենյակում ծեծել են բանկի վարչության նախագահը:

 

Մեր աղբյուրի հաղորդմամբ` հինգ հոգի մտել են բանկի վարչության նախագահի աշխատասենյակ եւ դաժան  ծեծի ենթարկել նրան: Թալան չի եղել` հարձակվողները փող չեն տարել: Մեր աղբյուրը չգիտեր, թե ինչ խնդիրներ են եղել, որն էր հարձակման պատճառը կամ ինչը կարող էր նման միջադեպի առիթ տալ, սակայն տեղեկացրեց, որ միջադեպի մասին արդեն տեղյակ են հանրապետության նախագահի մակարդակով, խորհրդակցել են եւ կորոշեն՝ ինչ անել:

 

Մեր աղբյուրը տեղեկացրեց նաեւ, որ «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ արդեն մի քանի օր է` բանկ չի գալիս: Երեկ ամբողջ օրվա ընթացքում yerkir.am-ին այդպես էլ չհաջողվեց բանկից ճշտել կատարվածի իսկությունը:

 

Այսօր միջադեպին անդրադարձել է նաեւ «Հայկական ժամանակ»-ը: Թերթի տեղեկություններով` ծեծը տեղի է ունեցել աշխատանքային օրվա վերջում: Դեպքից մի կես ժամ առաջ վարչության նախագահ Սերգեյ Արզումանյանը լարված հեռախոսազրույց է ունեցել ինչ-որ մեկի հետ: Թե ով է եղել այդ անձնավորությունը, թերթին չի հաջողվել պարզել: Հայտնի է միայն, որ նա չի դիմել ո'չ ոստիկանություն, ո'չ էլ առողջապահական որեւէ հիմնարկ:

 

«Հայկական ժամանակ»-ը նշում է, որ Սերգեյ Արզումանյանը բանկային համակարգում է երկար տարիներ և համարվում է իր գործի պրոֆեսիոնալ: «Հայբիզնեսբանկի» բաժնետերը Վիտալի Գրիգորյանն է: Նա հիմնականում բնակվում է արտերկրում: