կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-12 13:35
Քաղաքական

Աղքատության շեմն իջել է. ՀՀԿ-ական

Աղքատության շեմն իջել է. ՀՀԿ-ական

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի զարմուհին` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, երկրում առաջընթաց է նկատում: Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում:

 

Խոսելով արտագաղթի մասին` նա նաեւ հայտարարեց, որ արտագաղթ միշտ էլ եղել է, իր ծնողներն էլ արտագաղթել են 1990-ականներին եւ մոտ տասը տարի առաջ վերադարձել «լավ պայմանների համար», ի դեպ, այդ ժամանակ ինքն արդեն ՀՀԿ-ական էր:

 

«Մտահոգիչ է, որ արատագաղթ կա, բայց արտագաղթը կանգեցնել, չթույլատրել չի լինի: Գիտեք, չեն գնում միայն վատ վիճակից, արտագաղթում են բուժման, ուսման նպատակով: Չի նշանակում, որ մարդիկ միայն գնում են աշխատանք փնտրելու նպատակով»,-հայտարարեց պատգամավորը:

 

Yerkir.am-ի այն դիտարկմանը, որ բուժման կամ ուսման համար արտասահման գնալն արտագաղթ չի կոչվում, պատգամավորն արձագանքեց. «Դե դուրս եկողների թիվը գրանցվում է որպես արտագաղթ»:

 

Նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացնելը առկա թանկացումների պայմաններում ՀՀԿ-ական պատգամավորը համարժեք չի համարում, բայց մեկ է` առաջընթաց է նկատում: «10 հազար դրամով ավելացումը առժամանակ կբավարարի»,-վստահեցրեց պատգամավորը, բայց այդպես էլ չասաց, թե քանի օր կապրի նվազագույն աշխատավարձով: «Ձեզ չտվա, թե մենք այդքան գումարով չենք ապրել, մենք ապրել ենք, նոր ենք, չէ՞, եկել այստեղ` սովորական մանկավարժի պես»,- նշեց պատգամավորը:

 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է երկրում 35 տոկոս աղքատության պայմաններում  ՀՀԿ-ն միշտ հաղթում: «ՀՀԿ-ի օրո՞ք է դարձել 35 տոկոս: Նախկինում պաշտոնական վիճակագրությունը ճիշտ չի ասվել, աղքատության շեմն իջել է: Ես ինքս շատ վատ եմ ապրել նախկինում, քան թե պատգամավորական շեմը հաղթահարելը. 1990-ական թվականներին մարդիկ ավելի վատ են ապրել»,-հայտարարեց պատգամավորը:

 

Մեր դիտարկմանը, որ 1990-ականներին պատերազմ էր, պետք չէ համեմատել այսօրվա հետ, պատգամավորպատգամավորը պատասխանեց. «Լավ, թող լինի 1995 թվականը»:

 

Աղքատության վիճակագրական տվյալները, ըստ Պողոսյանի, գուցե բարձր են, բայց, միեւնույն է, ինքը զգում է, որ աղքատության տոկոսն իջել է: Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավորը գոհ է իր աշխատանքից եւ այն «լավ» է գնահատում: