կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-05 16:25
Տնտեսական

Ի՞նչ պետք է ուսումնասիրի ''Նաիրիտի'' հարցով ժամանակավոր հանձնաժողովը

Ի՞նչ պետք է ուսումնասիրի ''Նաիրիտի'' հարցով ժամանակավոր հանձնաժողովը

Արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` առաջարկվում է ստեղծել «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով:

 

Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հանձնաժողովի ստեղծմանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախ նշեց, որ «Նաիրիտ» գործարանը Հայաստանի տնտեսության արդյունաբերական ճյուղի հիմքն է, եւ խնդիրը միայն այն չէ, որ «Նաիրիտը» չի աշխատում, նաեւ այն, թե ինչու է գործարանն անտեր:

 

«Անտերության արդյունք է, որ հսկայական մեղադրանքներ կան առանձին պաշտոնատար անձանց դեմ, ովքեր, «Նաիրիտն» օգտագործելով, տարբեր չարաշահումներ են իրականացրել»,- հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորը:

 

Նա ասաց, որ ժամանակավոր հանձնաժողովը նախեւառաջ պետք է ուսումնասիրի «Նաիրիտի» անհրաժեշտությունը մեր տնտեսության մեջ, ինչպես նաեւ բացահայտի, թե ինչո՞ւ նախատեսված ներդրումները չեն իրականացվել, կա՞ն օբյեկտիվ պատճառներ, թե՞ ոչ:

 

«Նաիրիտի» գործարկումը, ըստ Մինասյանի, քաղաքական խնդիր է եւ չպետք է խուսափել ու վախենալ արդյունավետ քաղաքական ու տնտեսական որոշում կայացնելուց, քանի որ ամեն ամիս «Նաիրիտի» չաշխատելը մոտավորապես 1-1.5 մլն դրամի պարտավորություն է ձևավորում ընկերության համար: