կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-12 13:33
Հասարակություն

«Նաիրիտի» աշխատակիցներին ընդունել են նախագահականում

«Նաիրիտի» աշխատակիցներին ընդունել են նախագահականում
«Նաիրիտ»-ի աշխատակիցներն այսօր առավոտյան 08:00-ի սահմաններում հավաքվելով գործարանի առջև` երթով շարժվեցին ՀՀ նախագահի նստավայր` փոխանցելու իրենց բողոք-նամակը: Նրանք հարկադիր պարապուրդի են մատնված և արդեն 4 ամսվա աշխատավարձ չեն ստացել: Մոտ 200 ցուցարարների 5 ներկայացուցիչներին ընդունեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, իսկ հանդիպմանը ներկա էր նաև գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը: Կարեն Կարապետյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կվճարվի մեկ ամսվա աշխատավարձը, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում` ամբողջ պարտքը: Ցուցարարներին երեկ ընդունել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և խոստացել մինչև երեքշաբթի ուսումնասիրել խնդիրը, սակայն գործարանի աշխատակիցներին դա չի հուսադրել: «Երեկ լիարժեք պատասխան չենք ստացել, ասել են` երեքշաբթի, բայց մենք էլ չենք կարող համբերել»,- ասաց գործարանի աշխատող Դալիդա Մուտաֆյանը: