կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-12 22:56
Հասարակություն

«Նաիրիտի» աշխատակիցներին ընդունել են նախագահականում

«Նաիրիտի» աշխատակիցներին ընդունել են նախագահականում
«Նաիրիտ»-ի աշխատակիցներն առավոտյան 8-ի սահմաններում հավաքվելով գործարանի առջև` երթով շարժվեցին ՀՀ նախագահի նստավայր` փոխանցելու իրենց բողոք-նամակը: Նրանք հարկադիր պարապուրդի են մատնված և արդեն չեն ստացել 4 ամսվա աշխատավարձ: «Եթե այսօր էլ մեզ չլսեն, մենք պատրաստ ենք մեր գերեզմանը մեր ձեռքերով փորել, որ գոնե մեր անունները հիշեն»,- հայտարարեց գործարանի աշխատակից Դալիդա Մութաֆյանը: Գործարանի մեկ այլ աշխատակից` Գայանե Արշակյանը, վրդոված է, որ նույնիսկ ծանր հիվանդ և վերջերս վիրահատված որդուն չի կարողանում օգնել, քանի որ աշխատավարձ չի ստացել: «Տնօրենին ասացի գոնե մի ամսվա աշխատավարձս տվեք, գնամ տղայիս փրկեմ, չտվեց»: Նախագահին ուղղված նամակում ցուցարարները պահանջում էին պատասխանել, թե ինչու է դադարեցված գործարանի ֆինանսավորումը և ինչու կոլեկտիվը պաշտոնապես չի տեղեկացվել այդ մասին: «Ով է պատասխանատություն կրում ընկերությանը հասցված վնասների համար և ինչ է լինելու ընկերության և նրա աշխատակիցների հետ»,- ասված էր նախագահին ուղղված նամակում, որն ամբողջությամբ ընթերցեց գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանը, և, գործընկերների համաձայնությունը ստանալով` ստորագրեց: Մոտ 200 ցուցարարների 5 ներկայացուցիչներին ընդունեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, իսկ հանդիպմանը ներկա էր նաև գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը: Հանդիպումից հետո Կարեն Կարապետյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կվճարվի մեկ ամսվա աշխատավարձը, իսկ առաջիկա մեկ ամսում` ամբողջ պարտքը: Ցուցարարներին երեկ ընդունել էր նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և խոստացել մինչև երեքշաբթի պարզաբանում տալ, սակայն գործարանի աշխատակիցներին դա չի հուսադրել: «Երեկ լիարժեք պատասխան չենք ստացել, ասել են` երեքշաբթի, բայց մենք էլ չենք կարող համբերել»,- բողոքեց գործարանի աշխատող Դալիդա Մուտաֆյանը: