Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նշեց, որ դրանց ստորագրումից հետո իշխանությունների հասցին մեղադրանքներ հնչեցին, որ այդ կերպ վիժեցրին Ցեղասպանության ճանաչումը, որի ապացույցն է այն փաստը, որ մինչեւ այդ չարաբաստիկ արձանագրություններն ամեն տարի որեւէ երկիր ճանաչել է Ցեղասպանությունը: 2010թ.-ին Ցեղասպանությունը ճանաչել է Շվեդիան` այն էլ փորձելով հայ-թուրքական արձանագրություններին ֆոնին պաշտպանել Հայաստանի իշխանություններին, 2011թ.-ին, 2012թ.-ին ոչ մի երկիր Ցեղասպանությունը չի ճանաչել:
«Ժամանակը չէ՞` ԱԳՆ-ն խոստովանի, որ հայ-թուրքական արձանագրությունները վիժեցրել են Ցեղասպանության միջազգային ճանաչումը»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ դեռ հայ-թուրքական արձանագրություններից առաջ զգացվել է Ցեղասպանության միջազգային ճանաչման դանդաղում: «Պատճառը հենց այն էր, որ Թուրքիան ամենուրեք համոզում էր, որ մեզ հետ երկխոսության մեջ է, եւ այլ երկրներ այդ խայծը կուլ էին տալիս: Այդ տեսակետից, այնուամենայնիվ, արձանագրությունները հստակ ֆիքսեցին դիրքորոշումները,: Այսօր էլ Թուրքիան նույնն է ասում` թե իբր հայկական կողմի հետ գաղտնի բանակցություններ կան, բայց իրականում որեւէ նման բան չկա: Այդ լուրերի տարածումը ձեռնտու է Թուրքիային, փորձում են ցույց տալ, թե իբր կա համագործակցություն: Բայց հիմա, իհարկե, ամեն ինչ մեր ձեռքում է, Թուրքիան ճնշման տակ է, ամբողջ գործընթացը Թուրքիան է վիժեցրել»,- հայտարարեց ԱԳ փոխնախարարը:
Նա հավելեց, որ Թուրքիան եւս մեծ լրջությամբ է պատրաստվում Ցեղասպանության 100-րդ տարելիցին. դիվանագիտական փակ հավաքներ են կազմակերպում, ներգրավում են նաեւ արտասահմանում բնակվող ադրբեջանցիներին, փորձում են թույլ չտալ, որ գործի դրված այդ անիվը շարունակի թափ հավաքել: Քոչարյանը հայտարարեց, որ Թուրքիան հետ կանգնեց արձանագրություններից: Նա նշեց, որ Ցյուրիխում երեք ժամ արարողությունը հետաձգվեց, որովհետեւ Թուրքիայի ԱԳ նախարարը փորձում էր ստորագրումից հետո յուրովի այն մեկնաբանել, կապ գծել Ղարաբաղի, Ցեղասպանության լինել-չլինելու միջեւ:
Իր հերթին, ՀԱԿ պատգամավորը նշեց, որ երբ ԱԳ փոխնախարարն ասում է, որ մինչեւ արձանագրությունների ստորագրումը Թուրքիան փորձում էր աշխարհին համոզել, որ բանակցում է Հայաստանի հետ, արձանագրությունների միջոցով Հայաստանը, փաստորեն, Թուրքիային դրա փաստը տվեց: «Փաստորեն, դուք հաստատեցիք, որ արձանագրություններով Թուրքիան հասավ նրան, ինչին ուզում էր հասնել, եւ ըստ էության, Ցեղասպանությունը ճանաչող երկրների վիճակագրությունը, ըստ թվականների, դա ցույց է տալիս»,- նշեց Փաշինյանը: Նա նաեւ հավելեց, որ իշխանությունները միշտ ընդդիմությանը մեղադրում են ամեն ինչ սեւ տեսնելու մեջ, մինչդեռ իշխանություններն էլ ամեն ինչ վարդագույն են տեսնում, նաեւ` բյուջեի կատարողականի ժամանակ: