կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-23 11:10
Հասարակություն

Արմավիրում կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ

Արմավիրում կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ

Արդեն տեղեկացրել ենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գնացել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։

 

Կառավարության ղեկավարը նախ այցելել է Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայան: Վարչապետը ՀՀ ԱԻ նախարարության մասնագետներին փոխանցել է գյուղացիների մտահոգությունը, որ կարկտի օրը կայանները չեն աշխատել, և դրանք արդյունավետ չեն։ ԱԻՆ մասնագետները Տիգրան Սարգսյանին հավաստիացրել են, որ դրանք արդյունավետ են։ Սակայն մարզում կան կայաններ, որոնք չեն գործել կարկտի օրը, քանի որ դրանք համայնքային սեփականություն են և միացված չեն ընդհանուր համակարգին:

 

Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզպետին անհապաղ միջոցներ ձեռնարկել համայնքային կայաններն ԱԻ նախարարության շահագործմանը հանձնելու համար, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։

 

Հիշեցնենք, որ մարզի գյուղապետերի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ կարկուտից տուժած 46 համայնքների գյուղացիների հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։ Նույն սկզբունքը կգործի նաեւ ջրի վճարի դեպքում։ 

 

ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանն էլ վստահեցրել է, որ յուրաքաչյյուր գյուղացու նկատմամբ  լինելու է անհատական մոտեցում, եւ վարկեր վերցրած գյուղացիների վարկերի մարումը սառեցվելու է 3 տարի ժամկետով։