Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով կարկտահարության խնդրին, մեջբերելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի վերջին հարցազրույցներից մեկից մի հատված, հետաքրքվեց, թե պետությանը պատճառված տասնյակ միլիոն դոլարների վնասը ինչպե՞ս կարող է չանդրադառնալ վերջնական ցուցանիշների վրա, այդ ի՞նչ թվեր են, պատրա՞ստ է նախարարությունը մեկ տարվա ընթացքում ապացուցել այդ թվերը:
Ուշագրավ է, որ ՀՅԴ-ական պատգամավորի բանավոր` հստակ շարադրված հարցին ի պատասխան, գյուղատնտեսության նախարարը սկսեց ինչ-որ տեքստ կարդալ: «Այս հարցը սպասելի էր, քանի որ վերջին օրերին շատ է շահարկվում որոշ մարդկանց կողմից: Ես կուզեի անդրադառնալ հարցին քաղաքական համատեքստում, մանավանդ, որ տնտեսական մասով շատ է խոսվել: Մայիսի 12-ի բնական աղետից տուժել են ոչ միայն Արմավիրի գյուղացիները, այլեւ ես, դուք, հարգելի' պատգամավորներ: Ժողովրդական մի լավ խոսք կա, ասում է` կարկուտը բարեկամ ու թշնամի չունի: Կարկուտը նոր երեւույթ չէ, միշտ եղել է եւ կլինի: Մեր աշխատասեր ու ուշիմ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել դրանց հաղթահարելու իր խելքն ու շնորհքը: Արմավիրցին այսօր օգնության կարիք ունի, պետական օգնության կարիք, տրամաբանված ու հասցեական: Արմավիրցին սրտաճմլիկ ամբիոնային ելույթների, ու մեկ օրում գյուղատնտես դարձած հրապարակախոսների կարիք չունի, արմավիրցին հպարտ եւ աշխատասեր մարդ է»,- կարդաց գյուղատնտեսության նախարարը:
Նախարարի այս սրտաճմլիկ, բայց ոչինչ չասող գրավոր ելույթը չազդեց ՀՅԴ-ական պատգամավորի վրա: Նա նախ նշեց, որ հարգում է կառավարության բոլոր անդամներին, որեւէ շահարկում իր հարցում չկար, հետո հայտարարեց. «Ես առաջարկում եմ` Ձեր աշխատողը, որ այդ տեքստը գրել եւ Ձեր ձեռքն է տվել, հիմա վերադարձեք նախարարություն եւ ազատեք աշխատանքից: Ես Ձեզ կոնկրետ երեք հարց եմ տվել, իմ այդ հարցերին կոնկրետ պատասխանելու փոխարեն Դուք այստեղ ի՞նչ եք անում… Կարդում եք, որ ի՞նչ անեք»: