կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-14 19:06
Մշակույթ

Գտան իրար` առանց ″Երկնագույն շան աչքերի″

Գտան իրար` առանց ″Երկնագույն շան աչքերի″

Այսօր «ԱրտՖեստ»-ի շրջանակներում ցուցադրվեց Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ստեղծագործության բեմականացումը: Բեմադրության հեղինակը Արսեն Միքայելյանն է, իսկ դերասանները` ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի երրորդ կուրսի ուսանողներ: Ներկայացումը երազի եւ իրականության մեջ անհատի եւ իդեալականի պայքարն է, որում հաղթում են իրականությունը եւ զգամունքը:

 

Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Աննա Հեքեքյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացումը դիտելիս իր պատանեկության եւ ուսանողական տարիներն էր հիշում:

 

«Սա երրորդ կուրսի ուսանողների ներկայացում էր եւ, բնականաբար, ոչ հասուն ներկայացում էր: Լավ է, որ երիտասարդները ընտրում են հետաքրքիր թեմաներ, փորձում թեմայի վերաբերյալ իրենց մոտեցումները գտնել: Իհարկե, դերասանական խաղը, ռեժիսորական միտքը ոչ հասուն էր, իսկ տղան բավական հուզված էր, բայց կար հավատ. ներքին հավատով էին աշխատում ու դա շատ էր գերում»,- ասաց Հեքեքյանն ու հավելեց, որ, ճիշտ է, փորձված դերասաններն ավելի շատ տեխնիկայով են աշխատում, ինչի շնորհիվ էլ նրանց հաջողվում է հանդիսատեսին համոզել, սակայն այս դեպքում երիտասարդների խոսքի ներգործությունն անկեղծության«հույսին» էր թողնված. «Շատ գրավիչ բան կար այդ անկեղծության մեջ, որ դեռ տեխնիկա չունեն, բայց փորձում են ներկայացման էներգետիկան փոխանցել: Հետաքրքիր ներկայացում էր»:

 

Մասնագիտական հանձնախմբի մյուս անդամը` Գարեգին Գրիգորյանը, իր հերթին նշեց, որ հեղինակի ընտրությունն արդեն շատ հետաքրքիր էր, քանի որ, ըստ նրա, Մարկեսն այնքան էլ բեմական մտածողության ենթակա չէ:

 

«Բայց, ի պատիվ երիտասարդ ստեղծագործողների, պետք է ասեմ, որ նրանք կարողացել էին ստեղծագործությանը բեմական լուծում տալ եւ իրենց խաղի անմիջականության միջոցով գրավել, հուզել հանդիսատեսին: Ներկայացումը, շատ խաղալու դեպքում, կարող է հղկվել եւ կայանալ: Որպես երիտասարդական ներկայացում` լավ լիցք ուներ»,- ասաց Գրիգորյանը ու հավելեց, որ ներկայացումը մեծ բեմերի համար չի նախատեսված, այլ կամերային թատրոնների: