Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուրախալի է, որ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների կազմակերպած` ջահերով ամենամյա երթին մասնակցում են բազմաթիվ երիտասարդներ՝ անկախ քաղաքական պատկանելությունից, քանի որ այնտեղ, ուր սկսվում է ազգային պայքարը, դադարում են կուսակցական վեճերը. այսօր ջահերով երթը սկսելուց առաջ իր ելույթում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով` Թուրքիայի կողմից միայն ներողություն խնդրելը եւ Ցեղասպանությունը ճանաչելը չէ, որ հայերս ուզում ենք, քանի որ ներողություն խնդրում են, երբ դեպքն անցած է համարվում: Իսկ ցեղասպանությունը, շեշտեց Հովհաննիսյանը, շարունակվում է ամեն օր:
«Ցեղասպանությունն այսօրվա խնդիր է մեզ համար: Մեզ ներողություն պետք չէ, այլ հատուցում: Քաղաքական օրակարգի մեջ ներգրավել հատուցման պահանջը` սա է իրական միասնությունը, դրա համար մենք մեր իշխանությունից պահանջելու ենք արդարություն, որովհետեւ արդար հասարակությունն է, որ կարող է պահանջատեր լինել: Իր երկրում անարդարության մեջ ապրող մարդը դրսում ինչպե՞ս պետք է արդարություն պահանջի: Արդարությունը, որը պահանջում ենք, կառուցելու ենք այստեղ, կառուցելու ենք մենք, կառուցումը սկսում ենք այսօր` մեր այս քայլերթով»,- ասաց Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ 40 տարի առաջ էլ հարյուրհազարավոր մարդիկ Սովետական Հայաստանում կարողացան ոտքի կանգնել եւ ապացուցել, որ Ցեղասպանությունը միայն Սփյուռքի հարցը չէ:
Վերջում Վահան Հովհաննիսյանը դիմեց նրանց, ովքեր այսօր առաջին անգամ են մասնակցում երթին, նրանց, ովքեր շատ անգամներ արդեն մասնակցել են այդ միջոցառումներին, եւ խնդրեց հասկանալ, որ «Հայ Դատ» հասկացությունը կուսակցական հասկացություն չէ:
«Դա ճշգրիտ ընտրված եզրույթ է, որը նշանակում է մեր քաղաքական օրակարգը»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը: