Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է դեկտեմբերի 26-ին համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ լրագրողների և ուսանողների միջև տեղի ունեցած միջադեպին:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը իր ափսոսանքն է հայտնում երեկ համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Ցավում ենք, որ կրքերն անցել են թույլատրելիի սահմանները, և մեր որոշ ուսանողներ տրվել են բուհ եկած որոշ անձանց սադրանքների, ինչի արդյունքում բուհի ներսում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ:
Ներողամտություն ենք հայցում բոլոր այն աղջիկներից, կանանցից և լրագրողներից, որոնց երեկ հույզերի ազդեցության տակ ակամայից նեղացրել են մեր ուսանողները»:
Ինչ խոսք, ներելը աստվածահաճո երևույթ է, և կարելի է ներել, ավելին` պետք է ներել: Բայց ո՞ւմ և ինչո՞ւ ներել, երբ կատարվածը պարզ լեզվակռիվ չէ, այլ քրեորեն հետապնդելի արարք: ԲՈՒՀ-ի ուսանողությունը պետք է հասկանա, որ երկրի ապագան իրենք են, և ինչպիսին իրենք են, այնպիսին էլ կդառնա մեր վաղվա օրը: Իսկ նրանք ապացուցեցին, որ մեր վաղվա օրը շատ մշուշոտ է, այնքան մշուշոտ, որ ակամայից մտածում ես երկրից փախչելու մասին: Զոռբայությամբ, քուչի հայհոյանքներով, քծնանքով, արտոնյալ սերունդ դաստիարակելով` լավ երկիր չես կարող ունենալ: Երկիրը գլորվում է անդունդը նաև նման ջահելների պատճառով, ովքեր այս կռիվը տվեցին միմիայն նրա համար, որ վաղն իրենց չսովորածի, չպատասխանածի դիմաց գնահատական ստանան: Նրանք դա արեցին, որ վաղը պատգամավոր, նախարար, վարչության պետ դառնան: Եվ վերջապես` դա արեցին, որովհետև նրանց թույլատրված էր այդպես անել: Նրանք մեր վաղվա օրն են, մեր վաղվա փորձանքը:
Ներում խնդրելու համար դրա իրավունքը պետք է վաստակած լինել, այլապես չէին գործի այն բոլոր օրենքները, որով շարժվում է համայն մարդկությունը: Փողոցում երկու երիտասարդ բարձր հայհոյում են, ոստիկանությունը միջամտում է: Ճիշտ է անում, օրենքով չի կարելի: Իրար ծեծում են, բերման են ենթարկում: Ճիշտ են անում, օրենքով չի կարելի: Այս դեպքն էլ, որ եղավ` հանուն քաղաքապետի անշառ պաշտպանության, օրենքի կոպիտ խախտում էր և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրության 164-րդ հոդվածի համաձայն` համարվում է քրեորեն հետապնդելի արարք:
Դեպքը, որ տեղի ունեցավ, շքամուտքում ապրող երկու լաչառ հարևանուհիների կռիվ չէր, և այստեղ ներել կամ չներելու հարց չի կարող լինել: Նախ` այդ երիտասարդները (ջահելները) իրենց լկտի պահվածքի համար պետք է պատասխան տան օրենքի առաջ, իսկ հետո թող դատարանում ներողություն խնդրեն: Վստահ ենք` դատարանն այդ ներողությունը կդիտարկի որպես մեղմացուցիչ հանգամանք: Վերջապես, մեր երիտասարդները, հատկապես` հանրապետականացված ջահելները, պետք է հասկանան, որ սա պետություն է, երկիր և ոչ թե ԶՈՆ: Իսկ նորմալ երկրներում «պռախոդ նայելը» չի խրախուսվում:
Yerkir.am