կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-19 11:44
Քաղաքական

Ելք չունե՞ն, այլ մա՞րդ չունեն, ներքին խնդիրնե՞ր ունեն...

Ելք չունե՞ն, այլ մա՞րդ չունեն, ներքին խնդիրնե՞ր ունեն...

Երեկ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնի համար։

 

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար այս որոշումն անակնկալ չէր: Yerkir.am-ի հետ զրույցում նա մեջբերեց թերթերից մեկի այսօրվա հրապարակման վերնագիրը` «Տրամաբանական չէր, անակնկալ չէր»:

 

«Մեր երկրում կա քաղաքական մեծամասնություն: Նա է որոշում` ով ինչով պետք է զբաղվի. ՀՀԿ-ն, ՀՀ նախագահի գլխավորությամբ, նպատակահարմար է գտել, որ առաջիկա տարիներին եւս կառավարության ղեկավարը մնա նույնը` Տիգրան Սարգսյանը:

 

Մենք կարող ենք միայն դատել արդյունքներով` նախորդ 5 տարվա արդյունքները հուսադրող չեն, 2008-ի այս կառավարության ծրագիրը ձախողվել է, խնդիրները լուծված չեն: Պատճառաբանություն միշտ հնարավոր է գտնել, բայց ակնհայտ է` մեր երկրում ե'ւ տնտեսական, ե'ւ սոցիալական, ե'ւ, որ շատ կարեւոր է, բարոյահոգեբանական մթնոլորտը շատ ավելի ծանր վիճակում է` արտագաղթ, աղքատություն, վաղվա օրվա հանդեպ անվստահություն, երկրի ընդհանուր դիմադրողականության թուլացում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

 

Նա նաեւ ընդգծեց, որ մենք ունենք ներքին եւ արտաքին լրջագույն խնդիրներ: Հիմնավորումն էլ, թե ՀՀ նախագահի` 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու հանձնարարականը կատարվել է, լավագույն փաստարկը չէ:

 

«Ես չեմ պատկերացնում, երբ տնտեսական աճի ցուցանիշը կատարում են հանձնարարականներով: Տնտեսության վիճակը չի բարելավվել, բիզնես միջավայրը նույնն է, եւ այս կառավարության  կատարած հիմնական քայլերի միակ արդյունքը բնակչությունից հնարավորինս առավելագույն գումարներ հավաքելն է, որոնց մի մասն էլ ոչ թե գնում է պետական բյուջե, այլ մասնավոր բիզնեսների գրպանը»,- նշեց նա եւ հիշեցրեց, որ ՀՅԴ-ի գնահատականն այս կառավարության գործունեությանը բացասական է, բայցեւ կրկնեց` քաղաքական պատասխանատվությունը կրում է մեծամասնությունը:

 

Առաջիկայում կառավարությունը ԱԺ կբերի հաջորդ 5 տարիների իր ծրագիրը, եւ ՀՅԴ-ն կտա իր գնահատականը:

 

Դիտարկմանը, որ առկա խնդիրները, ենթադրվում է, գիտակցում են նաեւ իշխանությունները, այդ դեպքում ո՞րն է նրանց քայլերի տրամաբանությունը, Վարդանյանը նախ արձագանքեց, որ չի ցանկանում իշխանության տրամաբանությամբ առաջնորդվել, բայց զուտ մարդկայնորեն ինքն էլ է մտածում` հնարավոր չէ, որ իշխանություններն այդ ամենը չգիտակցեն, չտեսնեն, չարձանագրեն:

 

«Թերեւս ելք չունե՞ն, մարդիկ չունե՞ն, ներքին խնդիրնե՞ր ունեն... Սրանք միայն ենթադրություններ են: Ես չեմ ուզում գնահատականներ տալ, կա քաղաքական մեծամասնություն, պատասխանատվությունը նրանցն է, եւ մենք դատելու ենք արդյունքներով: Նախորդ արդյունքները բացասական են: Կարծում եմ` մեր հանրությունն այդ գնահատականը տվել է նախագահական ընտրությունների ժամանակ, կարծում եմ` գնահատական կտա նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ»,- եզրափակեց ՀՅԴ-ական պատգամավորը: