Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը ՀՀԿ-ն` ի դեմս գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի, տվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում: Ի դեպ, պաշտոնական քարոզարշավի մեկնարկի ելույթներից հետո Տարոն Մարգարյանին այս կամ այն խնդրով մոտեցող մարդկանց թիվը բավականին շատ էր: Մեծ դժգոհությամբ, բայց այդուհանդերձ Տարոն Մարգարյանը պատասխանեց մի քանի լրագրողներին հարցերին: Ձեզ ենք ներկայացնում Yerkir.am-ի թղթակցի եւ Տարոն Մարգարյանի զրույցը:
- Պարո'ն Մարգարյան, քարոզարշավի առաջին օրն է, ի՞նչ տպավորություն ստացաք, գո՞հ եք:
- Շատ գոհ եմ:
- Բայց, կարծես, բնակիչների դժգոհությունները, բարձրացրած խնդիրները շատ են:
- Քաղաքի տնտեսության մեջ միշտ էլ խնդիրները շատ են: Երեւի իմ ելույթում էլ լսեցիք, որ դեռ կան բազում խնդիրներ, եւ հենց բնակիչների հետ շփվելով է, որ շատ խնդիրներ ի հայտ են գալիս: Եվ ինձ համար շատ ցանկալի է եւ հոգեհարազատ, որ մեր քաղաքացիների հետ անմիջական շփվեմ: Միայն քաղաքացիների հետ շփվելով ենք կարողանում ավելի խորապես տեսնել այն խնդիրները, որը շատերը չեն կարողանում տեսնել:
- Մասնավորապես ի՞նչ խնդիրներ էին բարձրացնում այս համայնքի բնակիչները:
- Մասնավորապես` իրենց թաղամասի խնդիրներն էին բարձրացնում, մարդիկ էլ կային իրենց առողջության, անձնական խնդիրներն էին բարձրացնում: Բայց կարեւորն այն է, որ երեւանցին, մեր քաղաքացին արդեն ոչ միայն իր անձնական խնդիրներն է բարձրացնում, այլ ընդհանուր խնդիրներ է բարձրացնում, որը մեր համար այնքան ցանկալի է, որովհետեւ քաղաքացին մասնակից է դառնում այն խնդիրների լուծմանը, որը ցանկանում է լուծված տեսնել գործող ավագանին:
- Ի՞նչ «ընդհանուր խնդիր» բարձրացվեց:
- Տանիքների, վերելակների, տրանսպորտի հարցը… Եթե համեմատենք սրանից 3-4 տարի առաջվա հետ, Երեւանում մենք ունինք ընդամենը 250 ավտոբուս, իսկ այսօր` 650: Սա առաջընթաց չէ՞ տրանսպորտի ոլորտում, բայց դեռ բավարար չէ:
- Պարո'ն Մարգարյան, ինչպիսի քաղաք են Ձեզ ''ժառանգել'' նախորդ քաղաքապետերը:
- Ո՞ւմ նկատի ունեք:
-Գագիկ Բեգլարյանը եւ Կարեն Կարապետյանը ինչպիսի՞ ժառանգություն են Ձեզ թողել: Լավ վիճակո՞ւմ է եղել քաղաքը, երբ ստանձնեցիք քաղաքապետի պաշտոնը:
- Նախկին քաղաքապետերը մեր թիմակիցներն են, եւ մենք միասին էինք ընտրությունների մասնակցում: Մենք միասին էինք մեր քաղաքացիների վստահության քվեն ստացել, եւ փուլ առ փուլ ամեն քաղաքապետ իր ժամանակաշրջանում փորձել է այս 4 տարիների ընթացքում Երեւանը տանել դեպի դրականը, երեւանցիների համար դրական աշխատանք կատարել:
-Բայց Շարմազանովն ասում է` Երեւանի վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետը Դուք եք: Դուք է՞լ եք այդ կարծիքին:
-Ով ասում է, իրենից էլ հարցրեք:
- Չհաղթելու մտավախություն չունե՞ք:
- Սա պատերազմ չէ, որ հաղթենք կամ չհաղթենք, սա մրցակցություն է, եւ քաղաքացին է իր վստահությունը տալիս: Մենք փաստացի աշխատանքով եւ ոչ թե խոսքերով ենք Երեւան քաղաքում իրականացրել աշխատանք: Մեր երեւանցիները տեսել են այդ աշխատանքը եւ իրենց գնահատականը կտան մայիսի 5-ին:
Տարոն Մարգարյանը հայտարարեց նաեւ, որ «հակված են պարզ, նորմալ քարոզարշավ իրականացնել, այլ ոչ թե քաղաքական զորարշավ իրականացնել կամ քաղաքական խնդիր լուծել»:
Զրուցեց Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ