|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ովքեր նման պահանջներ են ներկայացնում, ցույց են տալիս, որ նման մարդիկ պատմությունը լավ չեն ուսումնասիրել: Եթե պատմությունը լավ ուսումնասիրած լինեին, կհասկանային, թե որ տարածքներն ում են պատկանել»,- անդրադառնալով Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորներից մեկի այն արտահայտությանը, թե Ատրպատականը ադրբեջանական տարածք է եւ իրենք պետք է կցեն այդ տարածքը Ադրբեջանին, այսօր լրագրողներին ասաց Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Նա նշեց, որ հիմա պատմական այդ խնդիրներին անդրադառնալու ժամանակը չէ: Բանախոսը այս հարցի համատեքստում ասաց, որ Իրանը արտաքին քաղաքականություն իրականացնելիս ցանկանում է բոլոր հարեւանների հետ ունենալ լավագույն հարաբերությունները` լինի Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, թե Իրաքը, եւ դա է Իրանի արտաքին քաղաքականության գերակայությունը: Իսկ տարածաշրջանի երկրների լավ հարաբերությունները չեն տեղավորվում տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների կամ հոսանքների շահերի շրջանակներում:
«Սիոնիստական վարչակարգն այդ հոսանքներից մեկն է, որին թվում է, թե տարածաշրջանային համագործակցությունը եւ երկրների լավ հարաբերությունները չեն համապատասխանում իր շահերին: Ուստի նման քայլերը, որոնք նպատակ են հետապնդում տարաձայնություններ ստեղծել տարածաշրջանի ժողովուրդների միջեւ, մենք համարում ենք սիոնիստական դավադրություն»,- նշեց Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:
Ռամին Մեհմանփարաստը անդրադարձավ նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Իսրայելի ջերմ հարաբերություններին իրենց վերաբերմունքին ու նշեց, որ Իսրայելը սիոնիստական վարչակարգ է, որը երբեք չի համարձակվի եւ հնարավորությունն էլ չունի հարձակվելու Իրանի վրա: Ու եթե պատմական սխալները, որ արել են Իսրայելի ղեկավարները, կրկնվեն Իրանը համարժեք պատասխան կտա:
«Ուստի, քանի որ Իսրայելը տեսնում է, որ ինքնուրույն չի կարող ինչ-որ բան անել, տարածաշրջանի մյուս երկրների միջեւ տարաձայնություններ մտցնելու միջոցով փորձում է իր քայլերն առաջ տանել»,- նշեց դիվանագետը` հավելելով, որ Իրանն այսօր ունի բավարար ներուժ իր անվտանգությունն ապահովելու համար:
Նա անդրադարձավ նաեւ Թուրքիա-Իսրայել բարելավվող հարաբերություններին եւ Իրանի դիրքորոշմանը տարածաշրջանային այսպիսի զարգացումների վերաբերյալ: