Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նախ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ կառավարության անդամներին շնորհավորեց «հայկական մեծ հեղափոխության մեկնարկի կապակցությամբ», հետո ասաց` «Բարեւ հեղափությունը եւ բարեւ հեղափոխական կառավարությունը», այնուհետեւ հետաքրքրվեց, թե Տիգրան Սարգսյանը մասնակցելո՞ւ է «ուրբաթ օրվա հաղթահավաքին»: Փոստանջյանը նաեւ հույս հայտնեց, որ վարչապետի մեջ չի մարել հեղափոխական լինելու ցանկությունը:
Ի պատասխան, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ չի մասնակցելու այդ հանրահավաքին, քանի որ «իր աշխատանքային օրը հագեցած է այլ միջոցառումներով»: Նա նշեց, որ համաձայն չէ Փոստանջյանի գնահատականների հետ, ապա հայտարարեց, որ քաղաքական բանավեճը տեղափոխվում է վիրավորանքների դաշտ: «Այս հեղինակավոր դահլիճը չի կարելի դարձնել նման բանավեճի, վիրավորանքներով լի խոսակցության տեղ, դա վատ ճանապարհ է: Առաջարկում եմ, որ մնանք քաղաքական երկխոսության շրջանակներում: Մենք շատ հարգալից ենք վերաբերվում Ձեր գնահատականներին, բայց ուզում ենք, որ Դուք էլ հարգեք մեր քաղաքական թիմին»,- հայտարարեց վարչապետը:
Փոստանջյանը հայտարարեց, որ ինքը ճիշտ է հասկացել՝ Տիգրան Սարգսյանի մեջ մարել է հեղափոխական լինելու ցանկությունը, եւ հույս հայտնեց, որ հեղափոխությունը վարչապետի մեջ կրկին կարթնանա: Պատգամավորը նշեց նաեւ, որ հասարակությունը տրամադրված է զանգվածային անհնազանդության միջոցառումներ իրականացնել:
Տիգրան Սարգսյանն էլ, հակադարձելով Զարուհի Փոստանջյանին, ասաց, որ, իհարկե, հասկանում է` ակնարկը վերաբերում է իր՝ «Ինչպես իրականացնել հեղափոխություն» հոդվածին: Նա հայտարարեց, որ ցանկացած հեղափոխություն սկսվում է մտածողության հեղափոխությունից, ինչը Ազատության հրապարակում չի տեսել: