կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 14:37
Քաղաքական

Ընդդիմությունը կվերցնի՞ մայրաքաղաքը

Ընդդիմությունը կվերցնի՞ մայրաքաղաքը

«Եթե ՀՅԴ-ի մեր գործընկերներն առանձին ցուցակով գնան Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, ապա կարծում եմ, որ որեւէ խնդիր չի լինի: 125-ամյա կուսակցություն է` ինքնուրույն որոշումներ կայացնելու հստակ ինստիտուտներով, եւ կարող են մասնակցել առանձին ցուցակով: Որեւէ խնդիր այստեղ չեմ տեսնում»,- Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ընդգծեց, որ, սակայն, «Ժառանգությունը» կողմ է միասնական ցուցակով գնալուն:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, որ ընտրություններին առանձին-առանձին գնալն արդյո՞ք չի նվազեցնում ավագանու ընտրություններում հաղթելու հնարավորությունը, Մարտիրոսյանը պատասխանեց, որ գուցե մի փոքր նվազեցնի, բայց ոչ շատ:

 

«Այն պայքարը, որ հրապարակում ծավալվել է, այլեւս հաղթական է»,- հայտարարեց նա:

 

Հարցին, թե վստա՞հ են, որ պայքարը մինչեւ մայիսի 5-ը չի մարի, եւ հաղթանակն ապահովագրված է, Մարտիրոսյանը պատասխանեց, որ երբեք միանշանակ բաներ չեն հայտարարում, կարեւորը պայքարն է ու դրա արդյունքը, եւ եթե պայքարի արդյունքում լինի իրենց հաղթանակը, առաջին հերթին կշահեն հենց իշխանությունները:

 

«Անկախ ամեն ինչից` այս պայքարն արդյունք տալու է, եւ Երեւանի ավագանու ընտրություններն այդ պայքարի ընդամենը մի մասնիկն են»,- հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչը: