կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-22 00:09
Առանց Կատեգորիա

Լարվածություն թուրք-ադրբեջանական հարաբերություններում` Սերժ Սարգսյանի պատճառով

Լարվածություն թուրք-ադրբեջանական հարաբերություններում` Սերժ Սարգսյանի պատճառով

Ադրբեջանի իշխանական էլիտան շատ բուռն է արձագանքել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` ՀՀ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական նամակին: Apa.az կայքի հաղորդմամբ` նախ արձագանքել է Իհլամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մաեդովը: Նա շեշտել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ պաշտոնական Անկարայից պահանջել է բացատրել եւ հստակեցնել իրենց դիրքորոշումը:

 

Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ «Մուսավաթ» կուսակցությունը, որը դեռեւս ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեպքում աչքի էր ընկել կտրուկ հայտարարությամբ: Կուսակցության ներկայացուցիչ Արիֆ Հաջիլիի խոսքով` չսպասել ընտրությունների արդյունքներին եւ Սարգսյանին շնորհավորել` սխալ քայլ էր Թուրքիայի կողմից:

 

«Սա Թուրքիայի «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականության շարունակությունն է, սակայն այն երբեւէ հաջողություն չի բերել: Փոխարենը` լարվածություն է ստեղծել Թուրքիայում եւ տարածաշրջանում: Բացի այդ` Սարգսյանին շնորհավորելը Ադրբեջանի շահերից չի բխում: Մինչ միջազգային հանրությունը խոսում է Հայաստանի իշխանությունների ոչ լեգիտիմության մասին, Թուրքիան հաստատեց այդ երկրի իշխանությունների լեգիտիմությունը»,- հայտարարել է Հաջիլին:

 

«Ադրբեջանի միացյալ ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Գուդրատ Հասանգուլիեւը Գյուլի շնորհավորանքն այնքան մեծ քայլ է որակել, որ հայտարարել է, թե ո'չ այդ շնորհավորանքները, ո'չ ֆուտբոլային դիվանագիտությունը, ո'չ Ցյուրիխյան արձանագրությունները չեն կարող ստիպել հայերին հրաժարվել Ցեղասպանությունը ճանաչելու պահանջից: Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ շնորհավորական նամակը Սարգսյանին ուղարկվել է, այսպես կոչված, «Խոջալուի դեպքերի» 21-րդ տարելիցի նախօրեին: