Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԱԺ-ում ստոմատոլոգները հանդիպել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի ու Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Yerkir.am-ի հետ զրույցում Ստոմատոլոգիական նախաձեռնության խմբի անդամ, ստոմատոլոգ Արթուր Մկրտչյանը նշեց, որ մոտ 3,5 ժամ է տեւել քննարկումը, որի արդյունքում կողմերը եկել են ընդհանուր համաձայնության: Ըստ Մկրտչյանի` նախատեսվող հարկերի ելակետը /յուրաքանչյուր ստոմատոլոգիական աթոռից պետք է գանձվեր 80-100 000 դրամ/ նվազել է` որոշ դեպքերում կրկնակի, որոշ դեպքերում էլ` եռակի:
«Այն, ինչի հասանք վերջում, մեզ բավարարում է, չնայած մոտ 10 տոկոսին կարող է ձեռք չտալ, քանի որ նրանք խոշոր կլինիկաներ ունեն եւ շատ աթոռներ: Ըստ նախնական տվյալների` նվազագույն շեմը մեկ աթոռի դիմաց 24 000 դրամն է սահմանվել, իսկ առավելագույնը` 80 000 դրամ Ռենտգենի աթոռի համար վճարն ընդհանրապես հանվեց: Մարզերում նույնպես ահագին թեթեւացվեց հարկային բեռը, եւ այս պահին` ամենալավ վիճակում մարզերն են»,- ասաց ատամնաբույժը:
Այսօր ստոմատոլոգների մի խումբ բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ կառավարության առջեւ: Ըստ Մկրտչյանի` իրենք ոչ մի կապ չունեն վերջիններիս հետ, քանի որ մտածում են, որ բժշկին վայել չէ դուրս գալ փողոց եւ գոռգոռալ: Մկրտչյանը նշեց նաեւ, որ պետությունը պետք է իր բաժինն ունենա իրենց գործունեությունից. չէ՞ որ պետությունը բանակ է պահում:
Ի դեպ, ընդունված նախագիծը կքննարկվի ԱԺ հերթական նիստի ժամանակ` փետրվարի 4-ին, իսկ ստոմատոլոգները վստահ են, որ փետրվարի 9-ին` ստոմատոլոգների օրը, որպես նվեր, ԱԺ-ն արդեն իսկ ընդունած կլինի նախագիծը: