կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-12 06:38
Արցախ

Արցախի վարչապետը վստահեցնում է` ամռանը գները կնվազեն

Արցախի վարչապետը վստահեցնում է` ամռանը գները կնվազեն
Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, մամուլի ասուլիսի ժամանակ  անդրադառնալով վերջին շրջանում հացի գնի  փոփոխություններին, նշել է, որ նախագահի կողմից հատուկ հանձնարարական է եղել` բացառել գնի անհիմն ավելացումները, եւ հացարտադրողներին էլ հանձնարարվել է հացարտադրության գործում խոշոր շահույթներ չհետապնդել:

 

Խոսելով պարենային ապրանքների գնաճի մասին` վարչապետը վստահեցրել է, որ ամռան ամիսներին մի շարք ապրանքատեսակների մասով գնային կտրուկ անկում է  լինելու, այն էլ` բավական մեծ տոկոսներով, ինչի համար, ըստ նրա, ստեղծվում են համապատասխան պայմաններ` տարբեր ճյուղերում:

 

Արդեն փորձեր են արվում հնդկաձավարի, ոսպի, արեւածաղկի եւ ռապսի մշակության ուղղությամբ: «Արցախում այդ ապրանքները արտադրվելու են, եւ 2-3 տարի հետո հնարավոր է լինելու բավարարել մեր ներքին սպառման ծավալները»,- հավաստիացրել է Արա Հարությունյանը:

 

Նրա տեղեկացմամբ` արդեն լուրջ հաջողություններ կան արեւածաղկի ու ռապսի մշակության բնագավառում, ինչը հնարավորություն կտա կազմակերպել բուսական յուղի արտադրությունը: «Մի քանի ամսից Ղարաբաղում արդեն կսկսեն ձեթ արտադրել, որը որակական առումով շատ ավելի բարձր է լինելու»,- վստահեցրել է վարչապետը:

 

Եգիպտացորենի մշակումն էլ արդեն իր արդյունքները տալիս է, այժմ աշխատանքներ պետք է կատարվեն նաեւ շաքարի արտադրության հումքի մշակման ուղղությամբ: